Հայաստանը ծրագրում է հինգ համալսարան միջազգային մակարդակի հասցնել. վարչապետ

Հայաստանի հինգ բուհ կհասցվի միջազգային լավագույն չափանիշներին, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Դրանք պետք է միջազգային հավաստագրում անցնեն: Այսօր Հայաստանում երկու հաստատություն է անցել միջազգային հավաստագրման գործընթաց` Հայաստանի ամերիկյան և ֆրանսիական համալսարանները, և որ առնվազն երեք համալսարաններ ևս կանցնեն հավաստագրման գործընթաց և կբարձրացնեն իրենց որակը»,- հինգշաբթի «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Ըստ վարչապետի, համալսարաններն ինովացիոն տնտեսության առանցքն են, քանի որ դրանց շուրջ են ձևավորվում գիտահետազոտական լաբորատորիաները, դրանց շուրջ է համախմբվում ներուժը
«Համալսարաններում են ձեռներեցները փնտրում գիտական մտքի նոր ստեղծագործություններ, վենչուրային հիմնադրամները հիմնականում համալսարանների շուրջ են ձևավորվում: Մենք չենք կարող ունենալ ինովացիոն հասարակություն` չունենալով ինովացիոն համալսարաններ»,- ընդգծեց նա:
Սարգսյանը նաև նշեց, որ ի տարբերություն մյուս երկրների, Հայաստանն այլընտրանք չունի, քան պետությունը կառուցել գիտելիքի վրա:
«Դա ընդհանուր գաղափարախոսություն է, որից բխում են մեր բոլոր ծրագրերն ու առաջնահերթությունները: Մասնավորապես, դա նշանակում է, որ 21-րդ դարում մեզ համար առաջնահերթություն պետք է դառնա կրթությունը: Մեր կրթությունը պետք է համապատասխանի լավագույն միջազգային չափանիշներին»,- ամփոփեց կառավարության ղեկավարը:
Հայաստանում գործում է 16 պետական և 42 մասնավոր բուհ, ինչպես նաև միջպետական պայմանագրերի շրջանակներում չորս համալսարաններ (Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Հայաստանի Ֆրանսիական համալսարանը և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան): -0-