Մարդիկ կանգնեցրել են սառցե դարաշրջանի մոտենալը

14.01.2016, 20:49
Մարդկությունը դարձել է այն երկրաբանական ուժը, որն ընդունակ է հետաձգել սառցե հաջորդ դարաշրջանի մոտենալը։
Մարդիկ կանգնեցրել են սառցե դարաշրջանի մոտենալը
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մարդկությունը դարձել է այն երկրաբանական ուժը, որն ընդունակ է հետաձգել սառցե հաջորդ դարաշրջանի մոտենալը։ Այսպիսի հետևություն են կատարել գերմանացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակել է Nature–ը, գրում է lenta.ru–ն։

Պոտսդամի ինստիտուտի կլիմայի ազդեցության ուսումնասիրության խմբի գիտնականները պարզել են, որ արեգակնային ստացվող ռադիացիայի և մթնոլորտում CO2 գազի խտության հարաբերակցությունն այն հիմնական չափանիշն է, որը թույլ է տալիս բացատրել Երկրի պատմության մեջ վերջին ութ սառցակալումները և սառույցների նահանջելը։ Մարդու նույնիսկ ամենաանշան միջամտությունը մոլորակի վրա ածխածնի բնական հավասարակշռությանը (արտանետումներ հազարից մինչև մեկուկես գիգատոննա) հետաձգում է հաջորդ սառցե դարաշրջանը 100 հազար տարով, պնդում են գիտնականները։

Կառուցելով Երկրի կլիմայական մոդելը, որը հաշվի է առնում մթնոլորտային, ծովային, սառույցի հետ կապված գործոնները, ինչպես նաև ածխածնի գլոբալ ցիկլը, կլիմայագետները հաշվարկել են ածխաթթու գազի արտանետումների ազդեցությունը սառույցի ծավալների վրա Հյուսիսային կիսագնդում։ Ածխածնի երկօքսիդի ոչ մեծ արտանետումները կազդեն սառցե վահանների վրա տասնյակ հազարավոր տարիների ընթացքում։

«Նույնիսկ առանց հաշվի առնելու մարդածին կլիմայական շեղումները` սառցե նոր դարաշրջանը պետք է սկսվի ոչ շուտ, քան 50 հազար տարի անց, ինչը հոլոցենը դարձնում է ամենաերկար միջսառցեդարը։ Բայց մեր հետազոտությունը ցույց է տվել, որ CO2–ի` նավթի, գազի և ածխի այրումից ստացվածարտանետումները կարող են այդ ժամկետն առաջ տեղափոխել ևս 50 հազար տարով։ Ըստ էության, մենք բաց ենք թողնում մի ամբողջ ցիկլ` դա բացառիկ երևույթ է», – նշել է հոդվածի հեղինակներից մեկը` Անդրեյ Գանոպոլսկին։ -0-