Հնագետները վստահեցնում են, որ Տիրոջ Գերեզմանը չի վնասվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

01.11.2016, 20:42
Հնագետներն ասում են, որ Քրիստոսի մահիճն անվնաս է պահպանվել։
Հնագետները վստահեցնում են, որ Տիրոջ Գերեզմանը չի վնասվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հնագետները, ովքեր հետազոտում էին Տիրոջ Գերեզմանը Երուսաղեմում նրանից հետո, երբ 450 տարվա ընթացքում առաջին անգամ դրա վրայից հանվել է մարմարե սալաքարը, ասում են, որ Քրիստոսի մահիճն անվնաս է պահպանվել։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է National Geographic ամսագիրը։

Հնագետները հոկտեմբերի 26–ին հանել են Երուսաղեմում Տիրոջ Գերեզմանի տաճարում Քրիստոսի մահճի մարմարե սալաքարը, որը դրվել էր 16–րդ դարում և այդ պահից չէր բացվել։

Սալաքարի տեղադրումը կապված էր նրա հետ, որ ուխտավորները փորձում էին կոտրել մասունքի բեկորները և տանել իրենց հետ։ Սալաքարը հանելուց հետո հնագետները բազմաթիվ քարաբեկորներ են հայտնաբերել, ինչպես նաև մեկ ուրիշ սալաքար խաչով, որը, հավանաբար, դրվել է Խաչակրաց արշավանքների ժամանակ։

Տիրոջ Գերեզմանի Տաճարի հայ վանահայրը մեկնաբանել է Քրիստոսի գերեզմանի բացումը>>

Պարզվել է, որ Քրիստոսի գերեզմանամահիճն ամբողջական է մնացել, չնայած, որ պատերը, որում այն գտնվել է, ավերվել են Տիրոջ Գերեզմանի տաճարի սկզբնական շենքի հետ միասին 11–րդ դարի սկզբում խալիֆ Հաքիմի հրամանով, որի տիրապետության ներքո էր այն ժամանակ Երուսաղեմը։

«Մենք չենք կարող բացարձակ հստակ ասել, որ այն տեղը, որտեղ կանգնեցված է Տիրոջ Գերեզմանի տաճարը, Քրիստոսի հուղարկավորման վայրն է, սակայն չունենք մեկ այլ վայր, որը նույնքան ճշգրիտ համապատասխաներ այդ տեղին, և հիմքեր չունենք հերքելու այս վայրի իսկությունը»,– National Geographic–ը մեջբերում է իսրայելցի հնագետ Դան Բահաթի խոսքը։ -0-