Հայտնի է դարձել քրոնիկ հոգնածության պատճառը. գիտնականներ

29.04.2017, 19:55
Հնարավոր է, որ քրոնիկ հոգնածությունը զարգանում է այնպես, ինչպես քրոնիկ ցավերն աղիներում:
Հայտնի է դարձել քրոնիկ հոգնածության պատճառը. գիտնականներ
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Քրոնիկ հոգնածության ախտանիշի զարգացման պատճառները մանրէների որոշակի շտամերն են, որոնց չափազանց մեծ քանակությունն աղիներում ստիպում է մարդուն մշտապես հոգնած զգալ իրեն:

Այդ մասին ասվում է Microbiome ամսագրում հրապարակված հոդվածում:

«Հնարավոր է, որ քրոնիկ հոգնածությունը զարգանում է այնպես, ինչպես քրոնիկ ցավերն աղիներում, որոնք առաջանում են ուղեղի և աղիների միջև երկկողմ «հաղորդակցության» խախտման դեպքում: Բացահայտելով այն մանրէներին, որոնք սովորաբար առաջացնում են այդ խնդիրները, մենք մի քայլով մոտեցանք քրնիկ հոգնածության ճիշտ ախտորոշմանն ու բուժման միջոցների ստեղծմանը»,-ասել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի մասնագետ Բրենթ Ուիլյամսը:

Վերջին տարիներին գրանցվում է քրոնիկ հոգնածության ախտանիշով տառապող մարդկանց թվի աճ:

Հիվանդները բողոքում են հոգնածությունից, անքնությունից, գլխացավերից, հաճախակի ջղակծկումներից: Չնայած տևական որոնումներին՝ հետազոտողները չէին կարողանում գտնել այդ ամենի պատճառը, շատերը սկսեցին կարծել, թե պատճառները հոգեբանական են:

Միայն վերջերս գիտնականները պարզեցին, որ հիվանդությունը զարգանում է մշտական արտակարգ իրավիճակի պատճառով նյարդային համակարգի խափանման հետևանքով, որի պատճառով օրգանիզմում զարգանում են բորբոքային գործընթացներ, որոնք նաև ողնուղեղի վրա են ազդում:

Ուիլյամսն ու իր գործընկերները պարզել են, թե որ մանրէներն են նման խնդիրներ առաջացնում՝ հետազոտելով արյան քիմիական բաղադրությունն ու միկրոֆլորան 50 առողջ մարդու և նույնքան քրոնիկ հոգնածությունից տառապողների մոտ:

Պարզվել է, որ հիվանդ և առողջ մարդկանց միկրոֆլորան և արյունը բավականին շատ էին տարբերվում, և տարբերությունները բոլոր հիվանդների մոտ գրեթե նույնն էին, ինչը մատնանշում էր հիվանդության կենսաբանական պատճառները:

Օրինակ, հիվանդների աղիներում նկատվել է Alistipes մանրէների մեծ կուտակում և Bacteroides ցեղատեսակի անհայտ միկրոբների կուտակում, իսկ Bacteroides vulgates մանրէների քանակը, հակառակը, շատ ցածր է եղել:

Գիտնականները դեռ չգիտեն, թե հատկապես ինչպես են մանրէներն ազդում քրոնիկ հոգնածության զարգացման վրա, բայց ենթադրում են, որ դա կարող է կապված լինել B6 վիտամինի սինթեզի խախտումների հետ: