Հայտնաբերվել է մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել սուտակներից և շափյուղաներից

18.12.2016, 18:29
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են գազային մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել բյուրեղներից:
Հայտնաբերվել է մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել սուտակներից և շափյուղաներից
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են գազային մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել բյուրեղներից, այդ թվում, սուտակներից և շափյուղաներից:
 
Բացահայտումը արվել է «Կեպլեր» օրբիտալ աստղադիտարանի միջոցով ստացված տվյալների շնորհիվ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Christian Science Monitor թերթին:

Յորիկի համալսարանի հետազոտական խումբը ուսումնասիրել է հսկայական HAT-P-7b էկզոմոլորակը, որը գտնվում է Երկրից 1040 լուսային տարի հեռավորության վրա: Այս երկնային մարմինը Յուպիտերից մեծ է, իսկ ծավալը 500 անգամ գերազանցում է Երկիր մոլորակինը: Իր աստղի շուրջ մեկ ամբողջ պտույտ մոլորակը կատարում է երկու երկրային օրից մի փոքր ավելի ժամանակահատվաում:

Մոլորակի մակերևույթին օդի ջերմաստիճանը հասնում է ծայրահեղ ցուցանիշների՝ գրեթե 2,6 հազար աստիճան ըստ Ցելսիուսի, իսկ սովորական ամպերի ձևավորումն այնտեղ անհնար է: Միաժամանակ, «Կեպլերի» շնորհիվ մոլորակի շուրջը նկատվել են մեծ շարժուն «կետեր», որոնք, գիտնականների կարծիքով, կոնկրետ տեսակի մասնիկների գոյացություններ են, որ շարժվում են քամու ազդեցությամբ:

Այն փաստը, որ այդ ամպերը տեղաշարժվում են HAT-P-7b-ի մակերևույթով, ակնհայտ դարձավ, երբ մասնագետները վերլուծեցին 2009-2013-ը ընկած ժամանակահատվածում արված լուսանկարները: «Մենք կարծում ենք, որ ամպերը գոյանում են մոլորակի սառը կիսագնդում, իսկ տաքի կողմում արագ գոլորշանում են: Ստացված տվյալների համաձայն, մոլորակի վրա ուժեղ քամիներ են փչում, որոնք և տեղաշարժում են այդ կուտակումները մութ կողմից դեպի լուսավորը: Ընդ որում, քամու արագությունը կարող է կտրուկ փոփոխվել, ինչը թույլ է տալիս կուտակումներին նախ ձևավորվել, ապա քանդվել», - նշել է հետազոտության ղեկավար Դևիդ Արմսթրոնգը:

Քանի որ որոշակի ժամանակ այդ գոյացությունները ամեն դեպքում կարողանում են գոյատևել այդ գազային հսկայի մակերևույթին, գիտնականների մոտ հարց ծագեց դրանց քիմիական բաղադրության վերաբերյալ: «Շատ հավանական է, որ դրանք կորունդից են: Եվ մենք, ամենայն հավանականությամբ, դիտարկում ենք, թե ինչպես են հանքերից ամպերը շրջում մոլորակով մեկ», - կարծում է Արմստրոնգը: Կորունդը հանքի տեսակ է, որը Երկրի վրա ունի այնպիսի տարատեսակներ, ինչպիսիք են սուտակը և շափյուղան:

Մասնագետները մտադիր են շարունակել մոլորակի ուսումնասիրությունները և ակնկալում են լրացուցիչ տվյալներ ստանալ Ջեյմս Ուեբբի անվան նոր տիեզերական հեռադիտոկի շնորհիվ, որը NASA-ն մտադիր է գործարկել 2018 թ.-ին: Դրա գլխավոր խնդիրը Տիեզերքի հեռավոր անկյուններում տեղակայված էկզոմոլորակների ուսումնասիրությունն է: -0-