ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Google ընկերությունը ներկայացրել է նոր YouTube Go անվանումով հավելվածը, որի միջոցով օգտատերերը կարող են իրենց հեռախոսների վրա տեսահոլովակներ ներբեռնել YouTube-ից: Այս մասին նշվում է YouTube-ի պաշտոնական բլոգում:
Ինչպես հայտնում է telecom.arka.am կայքը, հղում անելով gazeta.ru–ին, YouTube Go հավելվածը, նախևառաջ, նախատեսված է այնպիսի երկրների համար, ինչպիսին է Հնդկաստանը, որտեղ ինտերների հասանելիությունը սահմանափակ է կամ թանկ:
Հավելվածը թույլ է տալիս տեսահոլովակներ ներբեռնել հեռախոսի մեջ և կիսվել դրանով այլ օգտատերերի հետ: Տեսահոլովակները դիտելուց առաջ կարելի է փոքրիկ նախադիտում կատարել, իսկ ներբեռնելուց առաջ ընտրել անհրաժեշտ կետայնությունը, որոնցից յուրաքանչյուրի կողքին նշված կլինի ներբեռնվող տեսահոլովակի ծավալը:
Դեռևս չեն նշվում այն հարթակները և երկրները, որտեղ YouTube Go-ն հասանելի կլինի:
Հավելվածի գործարկման ամսաթիվը ևս չի նշվում:
Ընդ որում, YouTube-ն առաջարկում է գրանցվել youtubego.com/signup կայքում` հավելվածը առաջինների թվում փորձարկելու հնարավորություն ունենալու համար: -0-