Google-ի համահիմնադիրի թռչող էլեկտրամոբիլն արդեն պատրաստ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

30.04.2017, 16:42
2017 թ.-ի վերջին Kitty Hawk ընկերությունը կսկսի վաճառել Flyer թռչող էլեկտրամեքենան:
Google-ի համահիմնադիրի թռչող էլեկտրամոբիլն արդեն պատրաստ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. 2017 թ.-ի վերջին Kitty Hawk ընկերությունը կսկսի վաճառել Flyer թռչող էլեկտրամեքենան: Այն ստեղծվել է և ֆինանսավորվում է Google-ի համահիմնադիր, Google X էքսպերիմենտալ ստորաբաժանման նախկին ղեկավար, Alphabet-ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջի կողմից:

Ինչպես հաղորդում է telecom.arka.am-ը, հղում անելով iguides.ru-ին, լուրերը, որ Kitty Hawk-ը թռչող ավտոմեքենա է մշակում հայտնվել էին դեռևս 2016 թ.-ի կեսերին, այդ ժամանակ էլ հրապարակվել է դրա սխեմատիկ պատկերը: Flyer-ի աշխատանքային նմուշն արդեն պատրաստ է, դրա փորձարկումները նկարահանվել են: Էլեկտրամեքենայի զանգվածը կազմում է ընդամենը 100 կգ, ինչը թույլ է տալիս օգտագործել այն ԱՄՆ-ում առանց պետական ծառայություններից թույլտվություն ստանալու (սակայն հատուկ նախատեսված վայրերում):

Որքան կարժենա Flyer-ի սերիական տարբերակը, հայտնի չէ: Այժմ Kitty Hawk-ը նախապատվերներ է ընդունում, որոնք երաշխավորում են գնորդին 2000 դոլարանոց զեղչ: Ապրանքի ամրագրման համար հարկավոր է 100 դոլար կանխավճար: -0-