Գիտնականները սև անցքի պատկերը ստանալու միջոց են գտել

08.06.2016, 13:17
Մասաչուսեթսի տեխնոլոգիական  ինստիտուտի ֆիզիկոսները սև անցքի պատկերը ստանալու միջոց են գտել:
Գիտնականները սև անցքի պատկերը ստանալու միջոց են գտել
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկոսները սև անցքի պատկերը ստանալու միջոց են գտել, հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով The Boston Globe-ին:

Գիտնականները մտադիր են տվյալներ հավաքել ողջ երկրագնդում տեղադրված ռադիոաստղադիտակներից և «կպցնել» դրանք` ստանալով ամբողջական պատկեր: Նրանք նշում են, որ սովորական աստղադիտակների միջոցով սև անցքերին նայելը հնարավոր չէ:

«Մեզ ամենամոտ սև անցքն այնքան փոքր է, որ այն տեսնելը նույնքան դժվար է, որքան որ մեկ թուրինջը` Լուսնի վրա: Նման օբյեկտների ուսումնասիրման համար պետք է Երկրի չափի հասնող աստղադիտակ», - պատմել է ինստիտուտի ասպիրանտ Կետի Բաումանը (Katie Bouman), ով էլ մշակել է նոր մեթոդը:

Բաումանն առաջարկել է օգտագործել ռադիոազդակները և դիտարկել Երկրի տարբեր վայրերից: «Պատերի միջով անցնող ռադիոազդակները կանցնեն նաև գալակտիկական փոշու ամպերի միջով: Հենց այդ ամպերի պատճառով մենք չենք կարող տեսանելի տիրույթում տեսնել մեր գալակտիկայի կենտրոնը (որտեղ գտնվում է սև անցքը. Lenta.ru. խմբ.)», - նշել է նա:

Սև անցքերի տեսանյացման նոր ալգորիթմն ամենից բացի թույլ կտա ստանալ Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսության վերաբերյալ լրացուցիչ ապացույց, եթե սև անցքի չափը համապատասխանի տեսության կողմից սահմանված չափին:

Դեռևս նախագծին միանալու համաձայնություն են տվել վեց աստղադիտարաններ: Օբյեկտի ուսումնասիրությունը կսկսվի 2017 թ.-ի գարնանը, երբ աստղադիտակների աշխատանքի համար առկա են ամենալավ պայմանները: Այդ նույն տարվա ընթացքում գիտնականները նախատեսում են ստանալ առաջին լուսանկարը: -0-