Գիտնականները նոր արդյունավետ ցավազրկող են գտել

22.07.2017, 19:30
Գիտնականները գիտափորձեր են անցկացրել քրոնիկ ցավերից տառապող հարյուր հիվանդների մասնակցությամբ:
Գիտնականները նոր արդյունավետ ցավազրկող են գտել
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Գիտնականները գիտափորձեր են անցկացրել քրոնիկ ցավերից տառապող հարյուր հիվանդների մասնակցությամբ:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հետազոտության արդյունքները հրապարակվել են Բժշկական ինտերնետ հետազոտությունների ամսագրում (JMIR):

Լոս Անջելեսի Սեդարս-Սինայ բժշկական կենտրոնի մասնագետները եկել են եզրակացության, որ վիրտուալ խաղերը հանում են ծանր հիվանդների ցավային զգացողությունները և կարող են ավանդական թերապիայի մաս դառնալ:

Մասնագետները մասնակիցներին բաժանել են երկու խմբի: Մի կեսը 15 րոպե խաղացել է Pain RelieVR վիրտուալ խաղը, որում պետք է գնդիկներով կրակել շարժվող օբյեկտների վրա, մյուսը բնության պատկերներով տեսանյութ է դիտել:

Առաջին խմբում թեթևություն է զգացել մասնակիցների 65 տոկոսը, երկրորդում` 40 տոկոսը: Նմանատիպ արդյունքներ են գրանցում նաև այլ հետազոտություններ:

Загружается новость ... "Лево"

Վաշինգտոնի համալսարանի ֆոտոնիկայի լաբորատորիայի տվյալներով, ցավը նվազեցնելու նպատակով առաջին վիրտուալ խաղը մշակվել է 1996 թվականին: «Ձյունե աշխարհ» խաղն օգտագործվում է արդեն ավելի քան 20 տարի` ծանր այրվածքներ ստացած մարդկանց ցավերը մեղմելու նպատակով: Հիվանդները հայտնվում են ճերմակ ձյունածածկ տարածքում և ձնագնդիներ են նետում ձնեմարդու վրա:

Մասնագետների խոսքով, ցավը հիմնականում կապված է հոգեկան ոլորտի հետ` մարմնի նույն ազդակը մարդը կարող է ընկալել տարբեր կերպ: Մասնագետները հույս են հայտնում, որ ժամանակի ընթացքում վիրտուալ խաղերը կկարողանան փոխարինել օփիոնային ցավազրկողները, որոնք կախվածություն են առաջացնում հիվանդների շրջանում: -0-