Գիտնականներն արհեստական մաշկ են ստեղծել ԱՄՆ-ում

10.05.2016, 14:16
ԱՄՆ-ում գիտնականները մշակել են անտեսանելի էլաստիկ թաղանթ, որը կարելի է քսել մաշկի վրա և դրա շնորհիվ նվազեցնել կնճիռները:  
Գիտնականներն արհեստական մաշկ են ստեղծել ԱՄՆ-ում
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ում գիտնականները մշակել են անտեսանելի էլաստիկ թաղանթ, որը կարելի է քսել մաշկի վրա և դրա շնորհիվ նվազեցնել ոչ միայն կնճիռները և աչքերի տակ առաջացող պարկերը, այլ նաև անընդհատ խոնավեցման շնորհիվ իսկապես բարելավել մաշկի վիճակը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հետազոտության հեղինակների խոսքով, մաշկի վրա քսված թաղանթը չորանում է և երիտասարդի մաշկի տեսք ստանում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Materials ամսագրում:

Այժմ դիտարկվում է արտադրանքի կոմերցիոն մեկնարկի հնարավորությունը:

Ամերիկացի գիտնականներն ասում են, որ նմանատիպ «երկրորդ մաշկն» ապագայում կարելի է օգտագործել որոշ դեղորայքի չափաբաժնի համար կամ արևի ճառագայթներից բնական մաշկը պաշտպանելու համար:
Հարվարդի բժշկական ինստիտուտի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողների խումբը փորձարկել է իրենց պատրաստուկը մի քանի կամավորների վրա` քսելով թաղանթը աչքերի տակ, ձեռքերի և ոտքերի վրա:

Պոլիսիլոքսանային պոլիմերից պատրաստված թաղանթն արտադրվել է լաբորատորիայում սիլիկոնի և թթվածնի մոլեկուլներից:

Չնայած, որ թաղանթը սինթետիկ է, այն ստեղծում է կենսաբանական մաշկի իմիտացիա և իրենից ներկայացնում է օդանցանելի պաշտպանիչ շերտ:
Գիտնականները վստահեցնում են, որ թաղանթը նպաստում է մաշկի խոնավեցմանը, պահելով նրանում հեղուկը, և դրա շնորհիվ թաղանթն ավելի էլաստիկ է դառնում:

«Երկրորդ մաշկ»

Տարիքի հետ մաշկը կորցնում է իր էլաստիկությունը: Մաշկի այն հատվածները, որոնց վրա քսվել էր թաղանթը, ավելի հարթ և պակաս կնճռոտված տեսք ունեին:

Գիտնականների խոսքով, թաղանթը գրեթե անտեսանելի է, այն կարելի է կրել ամբողջ օրվա ընթացքում, և այն ոչ մի կերպ չի արձագանքում քրտինքի և անձրևի կաթիլներին:
Սակայն նրանք ընդգծում են, որ թաղանթի կոմերցիոն արտադրանքի համար պետք են լրացուցիչ հետազոտություններ: Պոլիմերը նաև պետք է հաստատվի կարգավորող մարմինների կողմից:

Մաշկաբանների բրիտանական ասոցիացիայի բժիշկ Թամարա Գրիֆիտսն ասում է, որ աչքերի տակի պարկերը տարիքի հետ միասին հայտնվում են ճարպային շերտերի դուրս ցցվելու հետևանքով:


Չնայած, դա լիովին բնական գործընթաց է, շատերին այն դուրս չի գալիս, և մարդիկ հաճախ փորձում են ազատվել այդ տարիքային դրսևորումներից` երբեմն դրա համար դիմելով պլաստիկ վիրաբուժության:

Բժիշկ Գրիֆիտսի խոսքով, թաղանթի օգտագործման արդյունքները համեմատելի են վիրաբուժական միջամտության արդյունքների հետ, սակայն թաղանթի օգտագործումը ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Այնուամենայնիվ, նա նաև ընդգծում է, որ, թեև այս նորագույն թերապիան խոստումնալից է, պետք են հետագա հետազոտություններ:

Ամերիկյան հետազոտությունը ղեկավարող պրոֆեսոր Ռոբերտ Լանգերն ասում է, որ «երկրորդ մաշկի» մշակումը, որն անտեսանելի է, հարմար է և արդյունավետ, կապված է մի շարք դժվարությունների հետ:

«Այդ պատրաստուկը պետք է օժտված լինի որոշակի օպտիկական հատկություններով, այլապես այն վատ տեսք կունենա: Բացի այդ, այն նաև պետք է օժտված լինի որոշակի մեխանիկական հատկություններով, այլապես այն արդյունավետ չի լինի», - ավելացրել է նա:

Նրա խոսքով, հետազոտողները հույս ունեն մոտ ապագայում սկսել այս արհեստական մաշկի փորձարկումները տարատեսակ մաշկային հիվանդություններով հիվանդների վրա: -0-