Facebook-ի ձևաչափը կփոխվի

18.02.2017, 17:15
Մարկ Ցուկերբերգը մտադիր է զբաղվել սոցիալական ենթակառուցվաքի զարգացմամբ` իր ստեղծած Facebook սոցիալական ցանցի բազայի հիման վրա գլոբալ հանրույթ ձևավորելու համար:
Facebook-ի ձևաչափը կփոխվի
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Մարկ Ցուկերբերգը մտադիր է զբաղվել սոցիալական ենթակառուցվաքի զարգացմամբ` իր ստեղծած Facebook սոցիալական ցանցի բազայի հիման վրա գլոբալ հանրույթ ձևավորելու համար:

Այդ մասին նա գրել է օգտատերերին ուղղված ուղերձում, հաղորդում է telecom.arka.am–ը` հղում անելով finmarket.ru-ին։

«Այժմ ողջ աշխարհում կան մարդիկ, ովքեր դուրս են մնացել գլոբալացումից, և շարժումներ, որոնք հանդես են գալիս հօգուտ գլոբալ կապերից հրաժարվելուն», - փաստել է Facebook-ի հիմնադիրը:

Այս կապակցությամբ Ցուկերբերգը ցանկանում է անցնել ընկերների և ընտանիքի համար սոցիալական ցանցի ձևաչափից գլոբալ սոցիալական ենթակառուցվածքի զարգացմանը: «Մեր ժամանակներում ամենակարևորը, որ մենք Facebook-ում կարող ենք անել` դա սոցիալական ենթակառուցվածք ստեղծելն է, որ մարդկանց հնարավորություն ընձեռենք կառուցել բոլորիս համար աշխատող գլոբալ հասարակություն», - ընդգծել է Ցուկերբերգը:

Մասնավորապես, խոսելով տեղեկատվության տարածման մասին, Ցուկերբերգը մտահոգություն է հայտնել «ֆիլտրերի օղակի» (որոնման անհատականացում և միայն այն տեղեկատվության ցուցադրում, որի դեպքում օգտատերը տեսնում է միայն այն, ինչ նրան դուր է գալիս և համապատասխանում է նրա հայացքներին) և կեղծ նորությունների առթիվ:

Ցուկերբերգի կարծիքով, խնդիր է նաև այն, որ սենսացիոն և պարզ հաղորդագրություններն ավելի արագ են տարածվում:

Բացի այդ, Ցուկերբերգը նշել է, որ Facebook-ը մշակել է արհեստական ինտելեկտ, որը պետք է առանձնացնի արգելված կոնտենտը: Այդ տեխնոլոգիան մասնակիորեն կսկսվի կիրառվել արդեն 2017 թ.-ին:

Facebook սոցիալական ցանցում գրանցված է մոտ 1,9 մլրդ ակտիվ օգտատեր: -0-