Facebook-ը հեռախոսահամարի միջոցով մարդկանց որոնելու ֆունկցիա է գործարկել

10.11.2015, 19:36
Facebook–ի օգտատերերը պարզել են, որ Facebook–ի ներքին որոնման միջոցով բջջային հեռախոսահամարով կարելի է իմանալ այդ համարի տիրոջ անունն ու ազգանունը
Facebook-ը հեռախոսահամարի միջոցով մարդկանց որոնելու ֆունկցիա է գործարկել
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Facebook–ի օգտատերերը պարզել են, որ Facebook–ի ներքին որոնման միջոցով բջջային հեռախոսահամարով կարելի է իմանալ այդ համարի տիրոջ անունն ու ազգանունը։ Այս մասին գրում է TJournal–ը` հղում անելով սոցցանցում արված մի շարք հրապարակումներին։

Օգտատերերի խոսքերով` մարդու մասին տեղեկություն ստանալու համար պարզապես անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսահամարը  որոնումների տողում, ինչից հետո արդյունքներում կհայտնվի հեռախոսահամարի տիրոջ անձնական էջ տանող հղումը։ TJournal–ը նշում է, որ, դատելով Facebook–յան օգտատերերի մեկնաբանություններից, շատերը չգիտեին սոցցանցի այդ հնարավորության մասին, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»։

Քիչ հայտնի ֆունկցիայի թեստավորման ընթացքում հաջողվել է պարզել, որ բջջային հեռախոսահամարի միջոցով իսկապես կարելի է գտնել օգտատիրոջ անձնական էջը։ Դա տեղի է ունենում այն դեպքում, եթե հեռախոսահամարը կապված է անձնական էջին։

Ցանկության դեպքում օգտատերը կարող է սահմանել գաղտնիության ավելի բարձր մակարդակ, որպեսզի նրա անձնական էջը կարողանան գտնել միայն ընկերները կամ ընկերների ընկերները։ Ի սկզբանե ակտիվացված է ֆունկցիան, որը թույլ է տալիս  բոլոր գրանցված օգտատերերին գտնել անձնական էջը։

 Հեռախոսահամարի միջոցով անձնական էջը գտնելու ֆունկցիան ապաակտիվացնելու համար հարկավոր է անջատել հեռախոսահամարի և անձնական էջի միջև կապը, սակայն այդ դեպքում օգտատերը Facebook–ից այլևս չի ստանա ծանուցումներ և մեկանգամյա օգտագործման գաղտնաբառեր։–0–