Դիլիջանն ընդգրկվել է UNESCO-ի Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում

11.10.2016, 14:48
Դիլիջանն ընդգրկվել է UNESCO-ի Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում (GNLC):
Դիլիջանն ընդգրկվել է UNESCO-ի Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դիլիջանն ընդգրկվել է UNESCO-ի Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում (GNLC):

Դիլիջանը միանում է աշխարհի այնպիսի քաղաքների դինամիկ ցանցին, որոնք աջակցում են ուսումնառությանն աշխարհի տարբեր համայնքներում։

UNESCO-ի ցանցը կրթական քաղաքների առաջընթացին նպաստող կայուն կապերի և գործընկերության միջոցով խթանում է քաղաքական երկխոսությունը և անդամ քաղաքների միջև փորձի փոխանակումը:

«Դիլիջանի բոլոր քաղաքացիների համար UNESCO-ի կողմից նման ճանաչման արժանանալը մեծ պատիվ է, քանի որ Դիլիջանը շարունակում է առաջարկել նոր կրթական ծրագրեր՝ մեր քաղաքացիներին 21-րդ դարի կրթությանը պատրաստելու համար»,- ասել է Դիլիջանի համայնքային կենտրոնի ծրագրի տնօրեն Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, ով կարևոր դերակատարում է ունեցել Դիլիջանը GNLC-ում ընդգրկելու գործում:

«Դիլիջանը հարթակ է դարձել այնպիսի տեղական եւ միջազգային կենտրոնների համար, ինչպիսին են UWC Դիլիջան քոլեջը, Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Դիլիջանի համայնքային կենտրոնը: Այս տարի քաղաքում անցկացվեց Դիլիջանի արվեստների դիտարանը»,- նշել է Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:

UNESCO Ցկյանս ուսումնառության ինստիտուտի տնօրեն Արնե Կարլսենն իր նամակում նշել է Դիլիջանի «կրթական քաղաքի տեսլականի հաջող նախագծումն ու իրականացումը»՝ ցանկություն հայտնելով տեղեկանալ Դիլիջանում հետագա զարգացումների մասին:

«Մեր հիմնադրամի նպատակը Դիլիջանին իր փառքը վերադարձնելն ու այն տարածաշրջանում կրթական, մշակութային եւ ժամանցային կենտրոն դարձնելն է, եւ նման միջազգային ճանաչումը կարեւոր քայլ է այդ նպատակին հասնելու ուղղությամբ»,– ասել է Դիլիջանի համայնքային կենտրոնին և այլ տարածաշրջանային նախագծերին աջակցող Դիլիջանի զարգացման հիմնադրամի և UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը։

Դիլիջանի զարգացման հիմնադրամի համահիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր-գործընկեր Գագիկ Ադիբեկյանն իր հերթին նշել է. «Մենք ապրում ենք բարդ և արագ փոփոխվող աշխարհում, որտեղ երկրի մրցունակությունն ու տնտեսական աճը մեծապես կախված են կրթության որակից: Վստահ եմ, որ Դիլիջանի ներգրավումն Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում կնպաստի կարևորագույն խնդրի՝ Դիլիջանը Հայաստանի կրթական կենտրոն դարձնելու լուծմանը»:

Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցի մասին Այժմ աշխարհի ավելի քան 1000 քաղաքներ եւ համայնքներ դարձել են կամ դառնում են ուսումնառու/կրթական քաղաքներ:

Այս քաղաքները հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային քաղաքական երկխոսությանը, ուսումնասիրություններին, կարողությունների զարգացմանն ու փորձի փոխանակմանը:

GNLC համաշխարհային ցանցը մոբիլիզացնում է քաղաքները՝ ներկայացնելով, թե տվյալ քաղաքի ռեսուրսները ինչպես կարող են բնակիչներին ուսումնառության արդյունավետ հնարավորություններ տալ՝ «խթանելով մարդկային ներուժի աճը, պահպանելով սոցիալական արդարությունն ու հավասարությունը, ինչպես նաեւ ապահովելով սոցիալական համախմբվածություն եւ կայուն բարեկեցություն»:

GNLC-ը հիմնվել է, որպեսզի աջակցի քաղաքներին ուսումնառու քաղաքներ դառնալու ճանապարհով իրենց բնակիչների, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի համար ավելի լավ ապագա ստեղծել:

UNESCO-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցկյանս ուսանողներն ավելի հեշտ են հարմարվում իրենց համայնքի և միջավայրի փոփոխություններին: Այդ իսկ պատճառով ցկյանս ուսումնառությունն ու ուսումնառու հասարակության գաղափարը կենսական նշանակություն ունեն կայուն զարգացող հասարակության ձևավորման գործում: -0-