Աստղաֆիզիկոսները կազմել են Ծիր կաթինի ամենաճշգրիտ և մանրամասն քարտեզը

21.10.2016, 11:32
Ավստրալացի և գերմանացի գիտնականները կազմել են Ծիր կաթինի ամենաճշգրիտ և մանրամասն քարտեզը։
Աստղաֆիզիկոսները կազմել են Ծիր կաթինի ամենաճշգրիտ և մանրամասն քարտեզը
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ավստրալացի և գերմանացի գիտնականները կազմել են Ծիր կաթինի ամենաճշգրիտ և մանրամասն քարտեզը։ Ծիր կաթին գալակտիկայում է գտնվում Արեգակնային համակարգը։

Դրա համար աստղագետները մշակել են վերջին երկու տասնամյակում երկու ռադիոհեռադիտակներով Էֆելսբերգում (Գերմանիա) և Պարկսում (ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգ) ստացված տվյալները, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Քարտեզը կազմելու համար Մաքս Պլանկի ռադիոաստղաբանական ինստիտուտի և Ավստրալիայի գիտական և կիրառական հետազոտությունների պետական միավորման գիտնականներն օգտագործել են գալակտիկայում ջրածնի` Տիեզերքի ամենատարածված քիմիական տարրի բաշխման մասին տեղեկատվությունը։ Ստացված տվյալները թույլ են տվել նրանց կազմել մոտ տասը միլիարդ առանձին կետ–տվյալներ (data points) պարունակող քարտեզ։

HI4PI քարտեզը, որը հիշեցնում է Երկրի երկչափ պատկերումն աշխարհագրական ատլասներում, իր թողունակությամբ բազմակի անգամ գերազանցում է նախկինում եղած նմանատիպ քարտեզներ։

«Այդ քարտեզը պետք է օգնի պատասխանել մեր և հարևան գալակտիկաների առանցքային հարցերի,– պատմել է նախագծի հեղինակներից մեկը, Ավստրալիայի ազգային համալսարանի պրոֆեսեր Նաոմի Մակլյուր–Գրիֆիտսը։ – Մասնավորապես, մենք հույս ունենք հասկանալ գալակտիկայի «սննդային շղթան», այսինքն, հասկանանք, թե որտեղից և ինչպես է այնտեղ առաջանում գազը, որից նոր աստղեր են ձևավորվում, և որտեղ են գտնվում գաճաճ գալակտիկաները, որոնք պետք է շրջապատեն Ծիր կաթինը»։

Գերմանացի և ավստրալացի գիտնականների աշխատանքի մասին տեղեկությունը, ինչպես նաև ինքը` HI4PI քարտեզը, հրապարակված են Astronomy and Astrophysics ամսագրի նոր համարում։ -0-