Apple-ը հնարավորություն է տալիս օգտատերերին ջնջել իրենց անձնական տվյալները

27.05.2018, 20:25
Apple ընկերությունը թողարկել է նոր կայք:
Apple-ը հնարավորություն է տալիս օգտատերերին ջնջել իրենց անձնական տվյալները
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Apple ընկերությունը թողարկել է նոր կայք, որի միջոցով օգտատերերը կարող են ծանոթանալ այն անձնական տվյալների հետ, որոնք պահպանվում են ընկերության սերվերներում, և անվերադարձ ջնջել դրանք, հայտնում է Life.ru-ն:

Գաղտնիության մասին կայքը թույլ կտա Apple-ի օգտատերերին ներբեռնել իրենց բոլոր անձնական տվյալները համակարգչի մեջ: Անհրաժեշտության դեպքում տվյալների կեսը կամ ամբողջը հնարավոր կլինի անվերադարձ ջնջել: Այդ տվյալների շարքում են՝ զանգերի պատմությունը, հիշեցումները, լուսանկարները, վիդեո, Apple Music-ի բովանդակությունը և այլ:

Ընդլայնված հնարավորությունները հասանելի են հիմա միայն ԵՄ անդամ պետությունների քաղաքացիների համար: Դա կապված է ԵՄ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքի հետ, որն Apple-ը, ինչպես նաև այլ ընկերությունները, պետք է կատարեն:-0-