Սմարթֆոնների դարաշրջանը շուտով կավարտվի. Google

25.04.2016, 14:03
Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչաին համոզված է, որ սմարթֆոնների դարաշրջանը շուտով կավարտվի: Նրան փոխարինելու կգա արհեստական ինտելեկտի դարաշրջանը:
Սմարթֆոնների դարաշրջանը շուտով կավարտվի. Google
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչաին համոզված է, որ սմարթֆոնների դարաշրջանը շուտով կավարտվի: Նրան փոխարինելու կգա արհեստական ինտելեկտի (ԱԻ) դարաշրջանը: Մենք այլևս չենք հիմնվի բջջային գաջեթների վրա անհրաժեշտ տեղեկատվություն գտնելու համար, հաղորդում է telecom.arka.am–ը` հղում անելով vestifinance-ին:

Սունդար Պիչաին նշում է, որ սա առաջնահերթությունների փոփոխության հարց է. այսօր մենք ապրում ենք աշխարհում, որը կարելի է առաջին հերթին անվանել «շարժական», այսինքն մեզ համար հենց սմարթֆոններն ու պլանշետներն են առաջին անհրաժեշտության առարկաներ: Շուտով առաջատարը կլինի արդեն ԱԻ-ն, և, չնայած էլեկտրոնային սարքերը չեն անհետանա, մենք դրանցից այլ կերպ կօգտվենք:

Google-ը ոլորտի մյուս դերակատարներից շատ ավելի լավ է հասկանում համակարգչային ինտելեկտից: Մշակումներ կան ավտոպիլոտի ոլորտում, ինչպես նաև կա համաշխարհային ճանաչում ձեռք բերած AlphaGo-ն, որը հաղթել է հնադարյան «Go» խաղի չեմպիոնին: Ընդ որում, «Go»խաղը մինչ այդ անհասանելի էր համակարգիչների համար: Եվ, իհարկե, ճանաչողական համակարգերը, որոնք ընկած են որոնողական կայքի ալգորիթմի հիմքում, ևս ԱԻ-ի դաշտում երկար հետազոտությունների արդյունք են:

Google-ի հակառակորդ կարելի է դիտարկել ոչ միայն Microsoft-ին և Apple-ին, այլ նաև Amazon-ին, որը մշակել է միանգամից երկու նորարարական տեխնոլոգիաներ` Alexa-ն և Echo-ն: Հատկապես հետաքրքրական է այն փաստը, որ Amazon-ի «ռոբոտները» կարող են լսել ձեր ցանկությունները և ինքնուրույն գնումներ կատարել կամ երաժշտություն նվագել: Ընդ որում, օգտատերը գործընթացին ընդհանրապես չի մասնակցում, ռոբոտները նրան հասկանում են կես բառից:

Շրջանառվող խոսակցությունների համաձայն, Google-ը մշակում է մի նախագիծ, որը միավորում է տարբեր տեսակի ԱԻ-ի առավելությունները: Մասնավորապես, օգնականը կարող է գալ ձեր հետևեից` անկախ նրանից, թե ինչ սարքից եք դուք օգտվում: Այս մոտեցումը հիշեցնում է Microsoft-ի Cortana-ն: Բայց Սունդար Պիչաին ակնարկում է, որ հենց Google-ը շուկայում հեղափոխություն կիրականացնի, քանի որ մյուսներից ավելի շատ գիտի որոնման տեխնոլոգիաների մասին: –0–