ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Եվրոպայի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ Siemens-ի՝ Բեռլինում տեղակայված արտադրություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահը շրջել է գազատուրբինների արտադրությունում, ծանոթացել արտադրական գործընթացին, որից հետո հանդիպել է ղեկավարության հետ։

Siemens ընկերությունը Հայաստանում ներգրավված է էներգետիկայի բնագավառում իրականցվող խոշոր ներդրումային ծրագրում․ իտալական «Ռենկո» և «Արմփաուեր» ընկերությունների հետ Siemens-ն իրականացնելու է Երևանում գազատուրբինային ՋԷԿ-ի կառուցումն ու շահագործումը: 250 մեգավատտ հզորությամբ ՋԷԿ-ի կառուցման համար օգտագործվելու են Siemens ընկերության գերարդյունավետ գազային տուրբինները: Նախատեսվում է, որ ՋԷԿ-ն էապես կբարձրացնի Հայաստանի էներգաարտադրական հնարավորությունները։
Հանդիպմանը նախագահին տեղեկություններ են ներկայացվել ծրագրի իրականացման ընթացքի, օտագործվելիք տեխնոլոգիաների մասին։

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Siemens-ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառումը կարևոր դեր կունենան ծրագրի արդյունավետ իրականացման գործում։ Նրա խոսքվ. «Տուրբինն ինքնին ամբողջովին կառավարվում է նոր տեխնոլոգիաներով: Հետևաբար, ունենալով գերժամանակակից տուրբինը Հայաստանում, համագործակցելով Siemens–ի հետ, կարող ենք նաև մտածել, թե ինչ նոր ծրագրեր են հնարավոր իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման ոլորտներում և Siemens–ի հետ համագործակցության այլ ճանապարհներ բացենք»։
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Siemens–ի հետ համագործակցությունը շարունակական կլինի։–0–