Հայաստանի բնակիչները կկարողանան տեսնել «տիեզերական հրեշին»

05.04.2017, 12:30
2014 JO25 աստերոիդը հայտնաբերվել է 2014 թվականին:
Հայաստանի բնակիչները կկարողանան տեսնել «տիեզերական հրեշին»
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը Հայաստանի բնակիչները կկարողանան տեսնել 2014 JO25 աստերոիդը, որին գիտնականներն անվանում են «տիեզերական հրեշ», «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Նա պարզաբանեց, որ աստերոիդը տեսանելի կլինի թույլ աստղադիտակներով կամ ուժեղ հեռադիտակներով:

«Դա հնարավոր կլինի, եթե եղանակը պարզ լինի: Ուզում եմ նաև նշել, որ աստերոիդը տեսնելու համար հարկավոր է իմանալ դրա տեղաշարժման հստակ կոորդինատները կամ գոնե իմանալ, թե որ աստղի կողքով է այն անցնելու: Հակառակ դեպքում, ոչ պրոֆեսիոնալին դժվար կլինի», - ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով, ամենաթույլ աստղերը, որոնք կարելի է տեսնել Երկրից անզեն աչքով, աստղային վեցերորդ մեծության օբյեկտներն են, իսկ 2014 JO25 աստերոիդը աստղային 10-րդ մեծության օբյեկտ է, ինչը 40 անգամ ավելի փոքր է:

«Ինչ վերաբերում է Երկրի համար վտանգին, ապա խոշոր աստերոիդների մոտենալու պարագայում այն միշտ առկա է: Սակայն առայժմ չկա ոչ մի տվյալ աղետ կանխատեսելու համար», - ասաց Հարությունյանը:

2014 JO25 աստերոիդը հայտնաբերվել է 2014 թվականին: Աստղագետների կարծիքով, այն դժվար թե երբևէ բախվի Երկրի հետ:

Հարությունյանը մեկնաբանեց նաև այն տեղեկատվությունը, որ ապրիլի 18-ին և 19-ին Երկրի կողքով կանցնեն ևս երկու աստերոիդներ` 2003 BD44-ը և 1999 CU3-ը:

«Դրանք բավական հեռու կանցնեն Երկրից: Եվ չնայած երկուսի չափն էլ գրեթե երկու կիլոմետր է տրամագծով, դրանք տեսանելի չեն լինի», - ասաց Հարությունյանը: -0-