Երևանում բացվել է տարածաշրջանում բացառիկ «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության մանկական թանգարանը

14.09.2016, 23:07
Չորեքշաբթի Երևանում բացվել է տարածաշրջանում բացառիկ «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ թանգարանը:
Երևանում բացվել է տարածաշրջանում բացառիկ «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության մանկական թանգարանը

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Երևանում բացվել է տարածաշրջանում բացառիկ «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ թանգարանը:

Կոմիտասի 40/2 հասցեում գտնվող թանգարանում ներկայացված է էլեկտրականության, մագնիսականության, օպտիկայի, ֆիզիկայի, մեխանիկայի և բնագիտական այլ ոլորտներին առնչվող մոտ 25 ցուցանմուշ:

Ինչպես բացման արարողության ժամանակ նշեց գիտական թանգարանի համահիմնադիր Արթուր Պետրոսյանը, ցուադրված բոլոր նմուշներն ունեն պրակտիկ կիրառություն ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ՝ գիտության մեջ: «Թանգարանի նպատակն է գիտության և գիտելիքի հանդեպ սեր արթնացնել», - նշեց նա:

«Թանգարանի դռները բաց են բոլորի առջև, մենք պատրաստ ենք համագործակցել դպրոցների հետ, որոնք կարող են իրենց ֆիզիկայի դասերն անցկացնել այստեղ՝ օգտագործելով ցուցանմուշները», - ընդգծեց Պետրոսյանը:

Թանգարանի տնօրեն-հիմնադիր Մարինա Գրիգորյանն իր հերթին նշեց, որ արդեն 2 տարի է, ինչ «Փոքրիկ Էյնշտեյնը» գործունեություն է ծավալում: «Սկզում մենք ինտերակտիվ շոու ծրագրեր էինք կազմակերպում, այնուհետև հիմնեցինք գիտական կենտրոններ, որտեղ երեխաները խաղերի և գիտափորձերի միջոցով կարող էին ծանոթանալ տարատեսակ գիտական փաստերին: Բացի այդ մենք սկսեցինք հայալեզու գիտական հավաքածուներ թողարկել, քանի որ շուկայում նմանատիպ գրքեր առկա էին միայն ռուսերեն կամ անգլերեն լեզուներով», - նշեց Գրիգորյանը:

«Հաճախ «թանգարան» անվանումը մարդկանց շփոթեցնում է, և նրանց թվում է, թե դա մի վայր է, որտեղ կարելի է գալ ցուցանմուշներին պարզապես նայելու: Սակայն մեր թանգարանը ինտերակտիվ է, այսինքն՝ բոլոր ցուցանմուշները նախատեսված են, որպեսզի երեխաները, տարատեսակ ֆիզիկական երևույթներին ծանոթանալիս, դրանք ձեռք տան», - ընդգծեց Գրիգորյանը:

Նա ավելացրեց, որ աշխատանքային օրերին թանգարանը բաց է 13:00-ից մինչև 20:00-ն, իսկ հանգստյան օրերին՝ 12:00-ից մինչև 21:00-ն: -0-