«Փարաջանով» ֆիլմը նոր հայացք է մեծանուն վարպետի նկատմամբ. Ավետիքյան

15.05.2014, 13:00
«Փարաջանով» ֆիլմը մեծանուն վարպետի նկատմամբ նոր հայացք է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ֆիլմի ռեժիսոր և գլխավոր դերակատար Սերժ Ավետիքյանը։
«Փարաջանով» ֆիլմը նոր հայացք է մեծանուն վարպետի նկատմամբ. Ավետիքյան

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Փարաջանով» ֆիլմը մեծանուն վարպետի նկատմամբ նոր հայացք է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ֆիլմի ռեժիսոր և գլխավոր դերակատար Սերժ Ավետիքյանը։

«Երբ կենսագրական ֆիլմ է նկարահանվում, մարդիկ միշտ նրանից իրականություն են սպասում, միաժամանակ մեր ֆիլմը գեղարվեստական ստեղծագործություն է, Փարաջանովի մասին նոր տեսլական», – ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե որքա՞ն բարդ էր մարմնավորել Փարաջանովի կերպարը` Ավետիքյանը նշել է, որ իրականում ոչ մի դերասան չի կարող ամբողջովին մտնել իր հերոսի կերպարի մեջ, նա պարզապես «իր հոգում տարածք է բացում, որտեղ ապրում է այդ կերպարը»։

Դերասանը համոզված է, որ ֆիլմի հաջողությունը ողջ անձնակազմի համախմբված աշխատանքն է։

«Ամեն ֆիլմ մի ամբողջություն է։ Սակայն դերասանին կամ ռեժիսորին միայնակ որևէ բան չի հաջողվի ստեղծել, դրա համար հարկավոր է, որպեսզի հանդիպեն բոլոր մասնակիցները` ֆիլմի ստեղծողները», – ասել է նա։

Միաժամանակ Ավետիքյանն ընդգծել է, որ ֆիլմի «ծննդյան» բոլոր մասնակիցների հանդիպման և համախմբված աշխատանքի շնորհիվ «հատուկ կամուրջ է կառուցվել, որը թույլ է տվել հանդիսատեսին ճանապարհորդել Փարաջանովի աշխարհում»։

Նա նաև պատմել է, որ ֆիլմը մեծ հաջողությամբ ցուցադրվել է 15 միջազգային փառատոնների ժամանակ` արժանանալով մի շարք մրցանակների։ Այն ցուցադրվել է նաև վերջերս Բուխարեստում կայացած կինոփառատոնի ժամանակ։ Ավետիքյանը տեղեկացրել է, որ վերջերս ֆիլմը ռուսական կինովարձույթ է դուրս եկել, իսկ տարեվերջին նախատեսվում է, որ այն կհայտնվի Ֆրանսիայի կինովարձույթում։

«Փարաջանով« ֆիլմը նկարահանել են 2013թ.-ին, այն Հայաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Վրաստանի համատեղ արտադրանք է։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հուլիսի 4–ին Չեխիայում կայացած «Կառլովի Վարի» փառատոնի ժամանակ, հուլիսի 13–ին ֆիլմը ցուցադրվել է որպես եզրափակիչ կինոնկար «Ոսկե ծիրան» երևանյան 10–րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, իսկ հուլիսի 17–ին այն ներկայացվել է Օդեսայի միջազգային կինոփառատոնի ժամանակ։

95 րոպե տևողությամբ ֆիլմը ներկայացնում է հռչակավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կյանքի և ստեղծագործության առանցքային իրադարձությունները։ Փարաջանովը «Նռան գույնը», «Աշիղ քերիբ», «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմերի և այլ կինոգլուխգործոցների հեղինակն է։ Ֆիլմում Փարաջանովի կերպարը մարմնավորել է Սերժ Ավետիքյանը։

Երևանում մայիսի 13–ին տեղի է ունեցել «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությունը, որտեղ «Փարաջանով» ֆիլմն արժանացել է չորս մրցանակների «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան» և «Լավագույն նկարիչ» անվանակարգերում։

Ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր և սցենարիստ Սերժ Ավետիքյանը ծնվել է 1955 թ.–ին Երևանում։ 15 տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա։ Մյոդոնի դրամատիկ արվեստների կոնսերվատորիայում ուսումն ավարտելուց հետո Ավետիքյանը եկել է Փարիզ, որտեղ 1976 թ.–ին մի խումբ համախոհների հետ թատերախումբ է ստեղծել` զուգահեռաբար նկարահանվելով նաև կինոյում։ Նրա ֆիլմադարանում մոտ 60 ֆիլմ կա, որոնց թվում են` «Մենք մի ամբողջություն ենք» (1979), «Փղի անկյունագիծը» (1984), «Մայրիկ» (1991), «Արամ» (2002), «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» (2006), «Սալորաչրով ճուտիկը» (2011), «Հարսնացուն կրկեսից» (2011) և «Փարաջանով» (2013)։–0–