Ֆրանսիայի Վալանսի քաղաքապետը դարձել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի անդամ

21.11.2014, 17:58
Ֆրանսիայի Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը հայտարարել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակին անդամակցելու իր որոշման մասին:
Ֆրանսիայի Վալանսի քաղաքապետը դարձել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի անդամ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը հայտարարել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակին անդամակցելու իր որոշման մասին:

«Հայտարարության մեջ Նիկոլա Դարագոնը նշել է, որ Վալանսն իր ներդրումը կունենա Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի կողմից իրականացվող ժողովրդական դիվանագիտության մեջ»,- հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Վալանսի քաղաքապետը նաև ընդգծել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության անհնարին է կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և նշել, որ խաղաղությանն ու ժողովրդավարությանն ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումն արդար է:

Նիկոլա Դարագոնը նաև հայտնել է Վալանսի և Ստեփանակերտի միջև Բարեկամության հռչակագրի ստորագրելու իր մտադրության մասին:

Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը ստեղծվել է 2013 թ-ի մարտի 19-ին, որին անդամակցում են քաղաքական գործիչներ, Խորհրդարանի պատգամավորներ և սենատորներ։ Նիկոլա Դարագոնը դարձել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի 30-րդ անդամը։ --0--