Հայաստանը ՀԱՊԿ-ին օգնության համար չի դիմել Ադրբեջանի հարձակողական գործողությունների պատճառով. ԱԳՆ

17.07.2020, 16:03
Հայաստանը ՀԱՊԿ-ին օգնության համար չի դիմել Ադրբեջանի հարձակողական գործողությունների պատճառով. ԱԳՆ
Հայաստանը ՀԱՊԿ-ին օգնության համար չի դիմել Ադրբեջանի հարձակողական գործողությունների պատճառով. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի-Արմենա/. Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չի դիմել օգնության համար հայկական սահմանին Ադրբեջանի կողմից ցուցաբերած սանձազերծած գործողությունների հետևանքով: Այս մասին Մինսկում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԳ նախարարի տեղեկալ Շավարշ Քոչարյանը:  

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ ՀԱՊԿ-ի օրենսդրությամբ կա համապատասխան հոդված, որ, եթե լինում է հարձակում, երկիրը կարող է դիմել օգնության համար:

«Մենք չենք դիմել: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է»,- նշել է Քոչարյանը:

ԱԳ փոխնախարարն անդրադառնալով իրավիճակի հանդարտեցման ՀԱՊԿ կոչին՝ ընդգծել է, որ կազմակերպությունը զգուշացրել է, որ, եթե իրավիճակը չհանդարտվի և հայկական կողմը դիմի օգնության համար, իրենք ստիպված կլինեն ներքաշվելու:

ՀԱՊԿ-ը հուլիսի 14-ին հաղորդագրություն է տարածել, որով լուրջ մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության մեծացման առնչությամբ և կոչ անում անհապաղ դադարեցնել կրակը: Ինչպես նշում են ՀԱՊԿ-ից, ստեղծվող իրավիճակը չի նպաստում երկու հարևան պետությունների սահմանին իրադրության կարգավորմանը, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետությունն է, որը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ երկիր և վկայում հրադադարի պայմանավորվածությունների խախտման մասին, որոնք ձեռք են բերվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մակարդակով:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին                          

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կատարում: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրքը գրավելու մի քանի փորձ է կատարել տանկի, հրետակոծության, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծում է հայկական հենակետերը, նաև թիրախավորում բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ են հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տալիս պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշում հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ:  ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր:

Հուլիսի 14-ի դրությամբ, ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, մեկի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր:  Հակառակորդի կրակոցից զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը,  ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ: 

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված իրենց մտահոգությունն են հայտնել, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ-ն և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ԱՄՆ պետդեպարտամենտը, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և այլ միջազգային կառույցներ: ՀԱՊԿ-ը նույնպես մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանինի սրման հետ կապված և կրակը դադարեցնելու կոչ արել: -0-