Եվրոպան Հայաստանին տեսնում է ընկեր և բարեկամ․ Եվրոպական խորհրդարանի նախագահ

11.03.2026, 16:28
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի հետ վիզաների ազատականացման ծրագիրը՝ ընդհանուր առմամբ նպատակ ունենալով Հայաստանը որքան հնարավոր է մոտեցնել Եվրոպային, ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահը
Եվրոպան Հայաստանին տեսնում է ընկեր և բարեկամ․ Եվրոպական խորհրդարանի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Երբ Եվրոպան նայում է Հայաստանին, տեսնում է ընկեր և բարեկամ, և հույս ունեմ՝ երբ Հայաստանը նայում է դեպի Եվրոպա, տեսնում է գործընկերոջ և դաշնակցի։

Այս մասին Ստրասբուրգում հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

«Եվրոպական միությունը և Հայաստանը համաձայնեցրին նոր ռազմավարական օրակարգ՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում: Այս քայլը մեր հարաբերություններում կաջակցի ժողովրդավարական բարեփոխումներին, կամրապնդի տնտեսական   դիմակայունությունը, կամրապնդի իրավունքի գերակայությունը և կխորացնի անվտանգության ոլորտում համագործակցությունը», - նշել է Մեցոլան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Նա նաև հայտնել է, որ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի հետ վիզաների ազատականացման ծրագիրը՝ ընդհանուր առմամբ նպատակ ունենալով Հայաստանը որքան հնարավոր է մոտեցնել Եվրոպային:

Հայաստան - ԵՄ

ՀՀ ԱԺ-ն 2025 թվականի մարտի 26-ին հավանություն է տվել Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքի նախագծին։ Ապրիլի 4-ին օրենքը ստորագրել է Հայաստանի նախագահը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը հավասարակշռում է արտաքին քաղաքական որոշակի ռիսկեր։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ միայն այն պայմանով, եթե ժողովուրդը հանրաքվեի միջոցով հավանություն տա այդ նախաձեռնությանը, իսկ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին Հայաստանի առջև ծառացած գլխավոր մարտահրավերը Եվրամիության ստանդարտներին համապատասխանելն է։

2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ստորագրվել է Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը, որը, ինչպես պարզաբանել են ԱԳՆ-ից, արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները, այլև ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Փաստաթուղթը կոչված է դառնալու Երևան-Բրյուսել հարաբերությունների նոր ճանապարհային քարտեզը։