ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստան-ԵՄ համագործակցության 2012-2013 թթ.-ի ծրագիրը, որը մշակվել է ԵՄ կոնստալտինգային խմբի հետ համատեղ և ներկայացվել է հայկական բոլոր շահագրգիռ գերատեսչություններին, կքննարկվի ՀՀ ԱԱԽ-ում հաջորդ տարվա հունվարին և կներկայացվի նախագահի հաստատմանը, ասել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
«Հայաստանում ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում բարեփոխումների արագացման ռազմավարություն է մշակվել, որը կիրագործվի 2012-2013 թթ.-ի համագործակցության շրջանակներում», - ասել է նա չորեքշաբթի ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի ութերորդ նիստի ընթացքում:
Նշելով, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունն արդյունավետորեն զարգանում է՝ Բաղդասարյանն ասաց, որ վերջին եռամսյակում բավականին դրական զարգացումներ են տեղի ունեցել:
«2012 թվականը կարևոր նշանակություն կունենա Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցության տեսակետից», - ավելացրեց նա:
Բաղդասարյանը կարևորեց նաև ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացումը և ընդգծեց, որ Հայաստանը Արևելյան գործընկերության այն ակտիվ երկրներից մեկն է, որտեղ բարեփոխումներն իրականացվում են նշված ժամանակացույցին համապատասխան:
ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի նիստի ընթացքում ներկայացվեց խորհրդի եռամսյակային զեկույցը, ինչպես նաև 2012 թ.-ի առաջին եռամսյակի համար նախատեսված աշխատանքների ծրագիրը:
ՀՀ-ում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան (Traian Hristea) իր հերթին նշեց, որ Հայաստանը ԵՄ-ի կարևորագույն հարևաններից մեկն է, և Հայաստան-ԵՄ հարաբերություններն ավելի սերտ են դարձել եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում, որն առաջին հերթին նպատակաուղղված է տարածաշրջանում անվտանգության ապահովմանը:
««Արևելյան գործընկերություն» ծրագիրն այն բանի ապացույցն է, որ ԵՄ-ն պատրաստ է զարգացնել հարաբերություններն այն երկրների հետ, որոնք ցանկանում են մոտ լինել ԵՄ-ին», - ասաց նա՝ հավելելով, որ կան բոլոր նախադրյալները Հայաստանի հետ հարաբերությունների խորացման համար:
Հրիսթեան նաև ընդգծեց, որ ԵՄ-ի հետ խորն ու համապարփակ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները կմեկնարկեն առաջիկայում, և համագործակցությունը կսկսվի «բոլոր անհրաժեշտ պայմանների կատարումից հետո»:
Նրա խոսքերով՝ Հայաստանի հետ համագործակցության առաջընթացը կշարունակվի, մասնավորապես՝ պետական կառույցների հնարավորությունների ամրապնդման ծրագրի շրջանակներում:
Հրիսթեան նաև նշեց, որ հարաբերությունների զարգացման շրջանակներում կկիրառվեն ֆինանսական աջակցության ավելացման, ավելի խորը քաղաքական համագործակցության, տնտեսական ինտեգրման խորացման սկզբունքներն այն բոլոր գործընկեր-երկրների հետ, որտեղ սկսվել է բարեփոխումների խորացման իրագործման գործընթացը:
Եվրամիության՝ 11 հոգուց բաղկացած խորհրդատվական խումբն աշխատում է Հայաստանում 2009 թվականի ապրիլի 1-ից և խորհրդատվություն է տրամադրում Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման և ժողովրդավարական ու տնտեսական կառույցների հզորացման ուղղությամբ։ Հայաստանն առաջին երկիրն է, որն օգտվում է տեխնիկական աջակցության նպատակով կիրառվող այս ինովացիոն մոտեցումներից։
ԵՄ խորհրդատվական խումբը համագործակցում է Հայաստանի կառույցների հետ հետևյալ ուղղություններով՝ հակակոռուպցիոն ռազմավարություն, բարեփոխումներ հասարակական կառավարման, մարդու իրավունքների ոլորտում, դիվանագիտական ակադեմիայի ստեղծում, քաղաքական երկխոսություն և աջակցություն Ազգային Ժողովին, ԵՄ-ի հետ «Ազատ առևտրի համաձայնագրի» ստորագրման նախապատրաստում, պետպարտքի կառավարում, աջակցություն բազմառանցքային կենսաթոշակային համակարգի մշակմանը, պետեկամուտների քաղաքականության արդյունավետության բարձրացում, մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում, ինչպես նաև իրավական համակարգի բարեփոխումներ, այդ թվում՝ Ոստիկանությունում, դատախազությունում և իրավաբանական համակարգում։ --0—