Երևանի քաղաքապետ է ընտրվել Կարեն Կարապետյանը
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի նոր քաղաքապետ է ընտրվել Կարեն Կարապետյանը, ով մինչ այդ ղեկավարում էր Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:
Նախօրեին երեկոյան Կարապետյանի թեկնածությունն առաջարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Հանրապետական կուսակցությունը Երևանի Ավագանու խորհրդում մեծամասնություն է կազմում:
Երևանի քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 8-ին հրաժարական տվեց՝ իր և ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի ծառայության աշխատակից Արամ Կանդայանի միջև տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո:
Կարապետյանի թեկնածության օգտին է քվեարկել Ավագանու խորհրդի 50 անդամ, դեմ է քվեարկել 1 անդամ, հաղորդում է ՀՀՀ-ն:
Կարապետյանը ծնվել է 1963 թ.-ի օգոստոսի 14-ին: Ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Դասավանդել է նույն բուհում:
Տարբեր տարիների զբաղեցրել է «Հայէներգոյի» գլխավոր տնօրենի տեղակալի, այնուհետև գլխավոր տնօրենի, էներգետիկայի փոխնախարարի պաշտոնները: 2001 թ.-ից զբաղեցնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչությանի նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնները: 2008 թ.-ի մարտին ընտրվել է «Առէկսիմբանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահի պաշտոնում:
Տնտեսական գիտությունների դոկտոր է, 17 գիտական աշխատությունների հեղինակ:
Կարապետյանն ամուսնացած է, ունի երեք զավակ:-0-

