Նշվեց Երևանի 2792-ամյակը

11.10.2010, 10:42
Նշվեց Երևանի 2792-ամյակը
Նշվեց Երևանի 2792-ամյակը

Հայաստանի մայրաքաղաքը  կիրակի նշեց քաղաքի հիմնադրման 2792-ամյակը:

Երևանի հիմնադրման օրը հնագույն ուրարտական Էրեբունի քաղաքի հիմնադրման օրն է (մ.թ.ա. 782 թ.): Էրեբունիի ավերակները գտնվում են Երևանի ծայրամասում գտնվող Արին-Բերդ բլրի վրա: Քաղաքը հիմնադրել է Ուրարտուի արքա Արգիշտի Առաջինը:

Տոնակատարությունների կապակցությամբ քաղաքի փոքր կենտրոնը կիրակի փակ էր տրանսպորտի համար: Տոնական միջոցառումներ էին կազմակերպվել մայրաքաղաքի փոքր կենտրոնի բոլոր պուրակներում և հրապարակներում: Միջոցառումների անցկացման նպատակով 20 տարբեր վայրերում բեմեր էին տեղադրվել:

Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էին թատերականացված բեմադրություններ, տիկնիկային ներկայացումներ, խաղեր, համերգներ:

Ամենամեծ թատերականացված ներկայացումը կազմակերպվել էր «Էրեբունի» թանգարանին հարակից հրապարակում, որտեղ 3000 հոգուց բաղկացած «զորքը» քայլերթով շարժվել է Էրեբունի թանգարանից դեպի քաղաքապետարան, որտեղ քայլերթի մասնակիցներին ողջունել է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Երևանի տոնին նվիրված միջոցառումներն ավարտվել են Հանրապետության հրապարակում կազմակերպված գալա-համերգով, իսկ ուշ երեկոյան տոնական հրավառություն է տեղի ունեցել:

Կիրակի կեսօրից քաղաքում գործել է շուրջ 30 տեղեկատվական կենտրոն, որտեղից քաղաքացիները կարողացել են ստանալ բուկլետներ, կրծքանշաններ, գլխարկներ, դրոշակներ, փուչիներ:

Այս տարի տոնն անցել է «Երևանը մենք ենք» նշանաբանի ներքո:

Միջոցառումներին մասնակցել են 11 բարեկամ քաղաքներից, մասնավորապես՝ Մոսկվայից, Խարկովից, Սանկտ Պետերբուրգից, Մարսելից, Լիոնից, Բեյրութից ժամանած հյուրեր:

Երևանի Ավագանու խորհրդի որոշմամբ՝ տոնական միջոցառումների շրջանակներում հաստատվել են այդ մարդկանց անունները, ովքեր արժանացել են Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը:

Այս տարի Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացել են Երևանի մետրոպոլիտենի մեքենավար Սամվել Պետրոսյանը, ով աշխատում է արդեն 30 տարի, ինչպես նաև սիրիահայ բարեգործ, «Փյունիկ» բարեգործական միության պատվավոր նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը, ով աջակցել և աջակցում է Երևանում իրագործվող տարբեր ծրագրերին:-0-