ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանում դատական և քրեական բարեփոխումների իրականացմանը

05.05.2010, 13:31
ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանում դատական և քրեական բարեփոխումների իրականացմանը
ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանում դատական և քրեական բարեփոխումների իրականացմանը

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանում դատական և քրեական բարեփոխումների իրականացմանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը, հաղորդում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունը:

«Կողմերը քննարկել են արդարադատության համակարգի բարեփոխումները՝ ներառյալ վերջերս ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից հրատարակված դատավարությունների դիտարկման մասին զեկույցում ամփոփված առաջարկների իրագործումը»,- ասվում է հաղորդագրությունում:

Այս տարվա մարտին ԺՀՄԻԳ-ը հրապարակել էր զեկույց Երևանում 2008թ. մարտի հետընտրական բախումներից հետո տեղի ունեցած դատավարությունների վերաբերյալ, որի արդյունքում զոհվել էր տասը մարդ, ավելի քան երկու հարյուրը վիրավորվել էին:

Հանդիպման ժամանակ Կապինոսը բարձր գնահատեց գլխավոր դատախազի կառուցողական մոտեցումը առաջարկներին. «Մենք շատ ուրախ էինք իմանալ, որ ԺՀՄԻԳ զեկույցի առաջարկների մի մասը անմիջապես ընդունվել է և հասկանում ենք, որ որոշ առաջարկներ ժամանակ են պահանջում իրականացնելու համար: ԵԱՀԿ գրասենյակը պատրաստ է աջակցել ՀՀ դատախազության, Արդարադատության նախարարության և Վճռաբեկ դատարանի ջանքերին»,- ասել է Կապինոսը:

Իր հերթին Հովսեփյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ աջակցությունը՝ թերությունները բացահայտելու և համապարփակ լուծումներ գտնելու ուղղությամբ` օգնելու Հայաստանում օրենքի գերակայության և արդարադատության համակարգի արդյունավետության առաջընթացին: Հուսալով, որ առաջիկայում աջակցություն կտրամադրվի` բարձրացնելու ընթացիկ բարեփոխումների արդյունավետությունը. արդեն նախատեսվում են որոշ գործողություններ` զեկույցի առաջարկների իրականացման ուղղությամբ:

«Այդ զեկույցի իրականացման առաջարկի վերաբերյալ որոշակի քայլեր արդեն նախատեսվում են»,- ասաց գլխավոր դատախազը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղակավարը նաև բարձր է գնահատել դատախազության կողմից ձեռնարկված գործողությունները Չարենցավանի ոստիկանության բաժնում մահվան դեպքով հետաքննության գողության կասկածանքով ձերբակալված Վահան Խալաֆյանի վերաբերյալ:

Նա նաև ողջունեց գլխավոր դատախազի նախաձեռնությունը՝ լրագրողների հանդեպ բռնություն գործադրած բողոքների ուսումնասիրման վերաբերյալ: -0-