Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Վաշինգտոնում զրույց են ունեցել Սարգսյան-Էրդողան հանդիպման արդյունքների մասին

14.04.2010, 11:12
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Վաշինգտոնում զրույց են ունեցել Սարգսյան-Էրդողան հանդիպման արդյունքների մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն զրույց են ունեցել Վաշինգտոնում անցկացվող միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցող արտգործնախարարների պատվին ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի կողմից տված աշխատանքային ճաշի ընթացքում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարարների զրույցը վերաբերել է նախորդ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների շարունակմանը:

Սարգսյան-Էրդողան հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Վաշինգտոնում՝ Գլոբալ միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում:

Երեքշաբթի թուրքական ԶԼՄ-ները հաղորդագրություն են տարածել, ըստ որի՝ կառավարության ղեկավար Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունները ներկայումս չեն կարող վավերացվել Թուրքիայի խորհրդարանի կողմից անբարենպաստ «քաղաքական մթնոլորտի» պատճառով։

Միաժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայկական համայնքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան չի կարող շարունակել երկխոսությունը Հայաստանի և հայ ժողովրդի հետ նախապայմանների լեզվով։ --0--