Հայաստանի և Իրանի արտգործնախարարությունները շահագրգռված են երկկողմ հարաբերությունների զարգացմամբ

27.01.2010, 13:02
Հայաստանի և Իրանի արտգործնախարարությունները շահագրգռված են երկկողմ հարաբերությունների զարգացմամբ

Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Մանուչեհր Մոթաքին նշել են երկկողմ հարաբերությունների և համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ շահագրգռվածության մասին:

 

Այս մասին հայտարարվել է Երևանում Իրանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության այցի շրջանակներում: Իրանի ԱԳՆ պատվիրակությունը Երևանում է գտնվում հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:

 

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, կողմերը հանգամանալից քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր:

«Երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի քննարկման համատեքստում նախարարներ Նալբանդյանն ու Մոթաքին վստահություն են հայտնել, որ Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը կանցնի արդյունավետ և բարձր մակարդակով», - ասվում է տեղեկատվության մեջ:

Ըստ մամուլի հաղորդագրության՝ կողմերը կարևորել են իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը, ինչը երկկողմ համագործակցության խորացման նոր հնարավորություններ կընձեռի:


Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել են նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման վերաբերյալ:

 

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

 

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, Մոթաքին ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը:

Հանդիպման ժամանակ Մոթթաքին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները: -0-