Հայկական եկեղեցին նշում է Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը

13.01.2010, 12:12
Հայկական եկեղեցին նշում է Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը

Հայ Առաքելական Եկեղեցին չորեքշաբթի նշում է Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը:

Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց:

Այդ մասին վկայում է Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21):

Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով Աստծո Որդու ծննդյան մասին, Հիսուս անունն է հիշատակել: Այս մասին կրկին վկայում է նույն Ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31): Հիսուս եբրայերեն բառ է, որ նշանակում է Փրկիչ:

Հիսուս անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև Քրիստոս անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ և համապատասխանում է եբրայերենի Մեսիային:

Ինչպես հաղորդում է Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական կայքը, Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն: -0-