Հայաստանը շահագրգռված է Դանիայի հետ հարաբերությունների զարգացմամբ. նախագահ
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շահագրգռված է Դանիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմամբ, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Միքայել Բորգ-Հանսենի հետ հանդիպման ժամանակ (նստավայրը` Կիև):
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից, նորանշանակ դեսպանը նախագահին է հանձնել հավատարմագրերը:
«Մենք ցանկանում ենք ակտիվացնել երկու երկրների քաղաքական երկխոսությունն, ինչն, անկասկած, իր ետևից կբերի նաե որոշակի տնտեսական աշխուժացում»,-ընդգծել է երկրի ղեկավարը:
Նախագահի կարծիքով` ի լրումն երկկողմ հարաբերությունների, Հայաստանը և Դանիան փոխգործակցության տեսանելի հեռանկարներ ունեն նաև Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում:
Համաձայնելով Նախագահի հետ` դեսպանն ասել է, որ դա բխում է իր երկրի կառավարության նպատակներից, որը լեհ-շվեդական այդ նախաձեռնության աջակիցներից մեկն է:
Ընդգծելով Դանիայի բարի կամքը և համակրանքը Հայաստանի նկատմամբ` դեսպան Միքայել Բորգ-Հանսենը շեշտել է երկկողմ հարաբերությունները գործնական քայլերով ամրապնդելու իրենց պատրաստակամությունը:
Որպես տնտեսության բնագավառում գործակցության հնարավոր ուղղություններ նա նշել է գյուղատնտեսության, էներգետիկայի արդյունավետ կառավարման ու օգտագործման ոլորտները, որտեղ Դանիան մեծ փորձառություն ունի և կարող է օգտակար լինել:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Դանիայի հաջողությունները տպավորիչ են, և մեր երկիրն անպայման կօգտվի նրա կուտակած փորձից:
Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է Դանիայի հավասարակշիռ դիրքորոշումը մեր տարածաշրջանի խնդիրների նկատմամբ:
Կողմերը համակարծիք են եղել, որ ցանկացած խնդրի կարգավորման լավագույն ճանապարհը երկխոսությունն ու համագործակցությունն է:-0-