Առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր են առգրավվել ՔԿՎ աշխատակցի մոտից
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցանման նյութեր են առգրավվել հայկական քրեակատարողական հաստատության աշխատակիցներից մեկի մոտից, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Քրեակատարողական վարչության կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում աշխատանքի գնալիս ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և դատապրտյալների շրջանում իրացնելու կասկածանքով Քրեակատարողական վարչություն բերման է ենթարկվել «Սևան» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության մայոր Արթուր Առաքելյանը:
Վերջինիս մոտ անձնական խուզարկության ընթացքում համազգեստի գրպաններից հայտնաբերվել և առգրավվել է առանձնապես խոշոր չափերի հասնող թմրամիջոցանման նյութեր:
Արթուր Առաքելյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «ուբոտեքս», «ափիոն», «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ և քացախաթթվի անհիդրիդ, որոնք ինքը պետք է հանձներ դատապարտյալներին:
Պարզվել է, որ Առաքելյանի կողմից թմրամիջոցների ներկրումը քրեակատարողական հիմնարկ կրել է պարբերական բնույթ:
Նախապատրաստվել են նյութեր, կատարվում է քննություն:
Դեկտեմբեր ամսվա ընթացքում Քրեակատարողական ծառայության կողմից քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել և կանխվել է քաղաքացիների կողմից թմրամիջոցների փոխանցման ութ դեպք:-0-