Հայկական բանակն ադրբեջանականից ավելի պրոֆեսիոնալ է. քաղաքագետ

05.11.2009, 15:51
Հայկական բանակն ադրբեջանականից ավելի պրոֆեսիոնալ է. քաղաքագետ
Հայկական բանակն ադրբեջանականից ավելի պրոֆեսիոնալ է. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական բանակն ավելի պրոֆեսիոնալ ու պատրաստված է, քան ադրբեջանականը, ասաց Ազգային ու ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:

«Ի պատիվ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ հարկ է նշել, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն արդեն այսօր սկսում է պատրաստվել վաղվա հնարավոր սցենարներին»,- հինգշաբթի «Հայ-թուրքական դիվանագիտությունն ու Լեռնային Ղարաբաղը. Համաձայնությու՞ն, թե՞ ոչ» թեմայով սեմինարի ընթացքում ասաց նա:

Գիրագոսյանը նշեց նաև, որ հայկական բանակը տարածաշրջանի ամենաուժեղ բանակն է:  

«Սա օբյեկտիվորեն ճիշտ է: Սակայն մեր բանակը տարածաշրջանում իրեն դիրքորոշում է որպես բացառապես պաշտպանական ուժ»,- ընդգծեց նա՝ այդ համատեքստում հավելելով, որ ԱՄՆ պաշտոնական անձինք մշտապես մատնանշում են Ալիևի՝ ժամանակ առ ժամանակ հնչող ռազմատենչ հայտարարությունները:

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանից բխող ռազմական սպառնալիքը ազդում է ոչ միայն տարածաշրջանի կայունության վրա, այլև որպես ապակայունացման գործոն ադրբեջանցի զինվորների վրա:

«Հայաստանը չի կարող ազդել կամ վերահսկել այդ գործընթացները, սակայն նա պարտավոր է դրան արժանի պատասխաններ տալ»,- ընդգծեց նա:

Խոսելով այն մասին, թե հնարավո՞ր է, արդյոք, Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսում, Գիրագոսյանը չբացառեց այդ հնարավորությունը՝ ասելով, սակայն, որ դա կարող է տեղի է ունենալ 10-12 տարուց ոչ ավելի շուտ, քանի որ «Ադրբեջանը հասկանում է, որ եթե նա պատերազմ սկսի, ապա տանուլ է տալու»:

Ընդ որում նա ընդգծեց, որ իր հայտարարությունը բխում է սովորական հաշվարկներից:  

«Եթե Ադրբեջանն այսօր սկսի լրջորեն պատերազմի պատրաստվել, ապա բանակը դրան պատրաստ կլինի միայն 10-12 տարուց»,- ասաց Գիրագոսյանը՝ ընդգծելով այն բանի կարևորությունը, որը սպառնալիքը ոչ թե այն է, որ որևէ մի երկիր պաշտոնապես պատերազմի է գնում, այլ նրանում, որ տեղային փոքր բախումը կարող է լայնամասշտաբ ռազմական գործողությունների պատճառ դառնալ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-