Նախագահ Սարգսյանի այցը Թուրքիա անհրաժեշտ քաղաքական քայլ է. փորձագետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա անհրաժեշտ քաղաքական քայլ է, կարծում է թուրքագետ, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը։
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել իր թուրք գործընկերոջ հրավերը և մեկնել Բուրսա՝ Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային խաղը դիտելու նպատակով, եթե մինչև դրա սկիզբը հոկտեմբերի 14-ին տեղի չունենա որևէ արտառոց բան։
Մելքոնյանի խոսքերով՝ Թուրքիա իր այցով նախագահ Սարգսյանը ողջ միջազգային հանրությանը կապացուցի, որ Հայաստանը հավատարիմ է իր սկզբունքներին և չի վարում իմիտացիայի քաղաքականություն, ինչպես Թուրքիան։
Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները:
Հայաստանի և Թուրքիայի միջև բարդ հարաբերությունների պատճառը, մասնավորապես, Ղարաբաղյան խնդրում Անկարայի՝ ադրբեջանական կողմին աջակցնելն է, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքը 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։
Խաղի ավարտին թուրք առաջնորդը հրավիրել է իր հայ գործընկերոջը ներկա լինել Թուրքիայում երկու երկրների ֆուտբոլային հավաքականների պատասխան խաղին՝ 2009 թվականի հոկտեմբերի 14-ին։ -0-