Երևանի կենտրոնում տեղի է ունենում հայ-թուրքական արձանագրությունների այրման ակցիա

08.10.2009, 14:37
Երևանի կենտրոնում տեղի է ունենում հայ-թուրքական արձանագրությունների այրման ակցիա

Երևանում հինգշաբթի տեղի է ունենում հայ-թուրքական արձանագրությունների այրման ակցիա, որը կազմակերպել է «Միացում» ազգային նախաձեռնությունը:

Ակցիան տեղի է ունենում Իսահակյանի արձանի մոտակայքում՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ, և բոլոր քաղաքացիները, ովքեր դժգոհ են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման արձանագրությունների կայանալիք ստորագրումից, կարող են դրանք հրապարակավ այրել:

Յուրաքանչյուր ցանկացող կարող է մոտենալ սեղանին, որտեղ դրված են արձանագրությունների պատճեները, և այրել դրանք՝ նման կերպով արտահայտելով սեփական բացասական վերաբերմունքը կայանալիք ստորագրման նկատմամբ:

«Այս ակցիան ուղղված է հայ-թուրքական արձանագրությունների և մադրիդյան սկզբունքների դեմ, որոնք նախատեսում են Հայաստանի հանրապեության և հայության տարածքների, ինչպես նաև ողջ պետականության կորուստ», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ակցիայի կազմակերպիչ, «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Հայկական ընդդիմությունը կարծում է, որ հայ-թուրքական արձանագրությունները պարունակում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախապայմաններ: Մադրիդյան սկզբունքների թվում, մասնավորապես, Ղարաբաղի կարգավիճակի սահմանումն է՝ ազատ կամարտահայտության միջոցով, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովումը, անվտանգության երաշխիքների տրամադրումը, վերահսկվող տարածքներից զորքերի դուրսբերումը: Փոստանջյանը տեղեկացրեց, որ ակցիան անցկացվելու է քաղաքի տարբեր մասերում՝ մինչ «այդ փաստաթղթերին վերջ չդրվի»:

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդատվություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդատվությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:

Սպասվում է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանն ու Թուրքիան կստորագրեն սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը:-0-