Երևանը կառուցողական է համարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը

05.06.2009, 10:25
Երևանը կառուցողական է համարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների  Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը
Երևանը կառուցողական է համարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների  Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը

Պաշտոնական Երևանը կառուցողական է համարում հինգշաբթի Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջ շարժվել բանակցային գործընթացում: Երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ շարունակել աշխատանքները կողմերի մոտեցումների համաձայնեցման և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հնարավոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ», - ասվում է ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում սանկտպետերբուրգյան հանդիպումը հինգերորդն էր ՍԵրժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև։

Հանդիպումը սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Մեթյու Բրայզայի և Բեռնար Ֆասիեի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

Այնուհետև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպումը շարունակել են դեմ առ դեմ ձևաչափով: Մոտ 2.5 ժամ տևած բանակցություններն այնուհետև կրկին շարունակվել են ընդլայնված կազմով։

Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում Սարգսյանը հանդիպել է նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։

Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների ընթրիքը։

Ուրբաթ ՀՀ նախագահը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային 13-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ուրբաթ կվերադառնա Երևան:-0-