Հայաստանը չի կարող գնալ իր ազգային արժույթի արժեզրկմանը. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը չի կարող համաշխարհային ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար արժեզրկել իր ազգային արժույթը, ասաց ֆինանսավարկային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։
«Էժան փողը նշանակում է միջազգային արժույթի համեմատ ազգային արժույթի արժեզրկում։ Այդ ճանապարհը մեզ համար չի կարող ընդունելի լինել։ Գուցե ժամանակի ընթացքում խնդիրների կուտակման արդյունքում մեր իշխանությունները կկարողանան գնալ այդ ուղով՝ թուլացնելով արժույթը դոլարի նկատմամբ, բայց դա սղաճի կհանգեցնի»,- ասաց նա երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքերով, ՀՀ իշխանությունները չեն կարող դրամի թուլացման ուղին բռնել, քանի որ երկրի շատ քաղաքացիներ սահմանափակ միջոցներ ունեն, և չեն կարող սղաճի ավելի մեծ աճ հանդուրժել։ Նա հիշեցրեց, որ ՀՀ իշխանությունների առջև քաղաքացիների բարեկեցության մակարդակի ապահովման լուրջ խնդիրներ են կանգնած։
«Ներկայումս ընտրված ուղին արդարացված է համաշխարհային ճգնաժամի ժամանակակից պայմանների համար», հայտարարեց Մինասյանը։
2008 թ.-ի դեկտեմբերին Հայաստանում սպառողական շուկայի գների 0,1 տոկոս աճի պարագայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը հայկական դրամի համեմատ բարձրացավ 0,9 տոկոսով (դեկտեմբերի 1-26-ը)։
2008 թ.-ի դեկտեմբերին, 2007 թ.-ի դեկտեմբերի համեմատ, սպառողական շուկայի 5,2 տոկոսանոց սղաճն ուղեկցվել է հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի անվանական փոխարժեքի 1,2 տոկոս բարձրացմամբ։
2007 թ.-ի միևնույն ժամանակահատվածում սպառողական շուկայի 6,6 տոկոսանոց սղաճի դեպքում ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազում է գրանցվել 16,6 տոկոսով։
2008 դեկտեմբերին ԱՄն դոլարի միջին փոխարժեքը 307,9 դրամ է կազմել 1 ԱՄՆ դոլարի դիմաց, ինչը 3,8 տոկոսով բարձր է 2007 թ.-ի դեկտեմբերի ցուցանիշից (304,1 դրամ)։ --0--