Խողովակի ժանգոտվածությունը հանգեցրել է Վրաստան-Հայաստան գազատարի վթարի. վրացի նախարար

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանը Հայաստանին միացնող գլխավոր գազատարի կոռոզիան հանգեցրել է գազի արտահոսքի և «երկնագույն վառելիքի» մատակարարման ժամանակավոր դադարեցման Հայաստան, ուրբաթ լրագրողներին հայտնեց Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խեթագուրին։
«Արտահոսքը լուրջ էր, այդ պատճառով մենք այսօր առավոտյան որոշում ընդունեցինք դադարեցնել գազի մատակարարումը Հայաստան։ Խողովակը վերականգնելու համար մեր մասնագետներին շուրջօրյա աշխատանքի դեպքում անհրաժեշտ կլինի մոտ չորս օր»,- ասել է Խեթագուրին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ նրա, բոլոր կողմերը՝ ինչպես հայկական, այնպես էլ ռուսական, տեղեկացվել են վթարի մասին։
Վթարը տեղի է ունեցել Վրաստանի Գարդաբանի շրջանում, մոտ 1000 միլիմետր տրամագծով խողովակում։
Միաժամանակ «ՀայՌուսագազարդ» ընկերության պաշտոնական ինտերնետ-կայքն ուրբաթ հայտնել է, որ Հայաստանի բնակչության գազամատակարարումն իրականացվում է առանց խափանումների։ -0-