Հայաստանը պետք է հասկանա, որ Թուրքիան և Ադրբեջանը բարեկամական հարաբերությունների պատրաստ չեն. ՀԴԿ առաջնորդ

Հայ ժողովուրդը չպետք է միամտություն դրսևորի իր հետ բարեկամական հարաբերություններ ունենալու Ադրբեջանի և Թուրքիայի պատրաստակամության հարցում, կարծում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) առաջնորդ Արամ Սարգսյանը։
«Մենք պարտավոր ենք հրաժարվել դրանից։ Դա չի նշանակում, որ մենք պետք է նրանց հետ պատերազմենք, սակայն մենք պետք է հասկանանք, որ այս երկու պետությունների դեպքում անհրաժեշտ է անընդհատ զգոն լինել և ունենալ հստակ քաղաքական ուղղվածություն», - ասաց նա լրագրողներին նախօրեին՝ «Անդրկովկաս. նոր իրողություններ, խնդիրներ և չափումներ» միջազգային համաժողովի ընթացքում։
Սարգսյանի խոսքերով, Ադրբեջանն ու Թուրքիան համաձայնեցնում են իրենց փոխհարաբերությունները։
Միաժամանակ նա կարծում է, որ այսօրվա դրությամբ Թուրքիան շահագրգված է, որպեսզի «տարածաշրջանում Կայունության և անվտանգության պլատֆորմի ստեղծմանն ուղղված նրա բարի մտադրությունները որքան հնարավոր է երկար քննարկվեն»։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է տարածաշրջանում աշխարհագրական սկզբունքով ստեղծել կայունության և անվտանգության պլատֆորմ, որը պետք է հենվի ԵԱՀԿ սկզբունքների վրա և նախատեսի ինչպես Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Թուրքիայի մասնակցությունը։
«Սակայն ես չեմ կարծում, որ նրանք իսկապես շահագրգռված են նման նախաձեռնության իրականացմամբ», - ասել է Սարգսյանը։
Խոսելով Ադրբեջանի մասին՝ ՀԴԿ առաջնորդը նշեց, որ այս երկիրը «կշարունակի մշտապես լողալ իր նավթային գետի ջրերում, քանի որ փորձում է դրանից որևէ նոր օգուտ քաղել»։-0-