Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հիշատակին նվիրված համերգը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Երևանում

Հռչակավոր հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 25-րդ տարելիցին նվիրված համերգը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Երևանում, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։
«Իմ և քո Առնոն» խորագրով համերգին կմասնակցեն հայ էստրադայի երգիչներ, մասնավորապես, Հայկոն, Անդրեն, Նունե Եսայանը, Գայանե Հովհաննիսյանը, Սյուզան Մարգարյանը, Արսեն Սաֆարյանը, Արամեն, Էմմին և Ռազմիկ Ամյանը։
Համերգին ելույթ ունենալու նպատակով Ռուսաստանից Հայաստան կժամանեն «Ջորջիա» վրացական դուետը, Ւոսիֆ Կոբզոնն ու Կարեն Մովսիսյանը։
Բացի այդ, համերգի ընթացքում Բաբաջանյանի ստեղծագործությունները կհնչեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Համերգի պատվավոր հյուր կլինի հռչակավոր կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանը։
Համերգի կազմակերպիչն է «Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամը» ՝ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ։
Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թ.-ին, Երևանում, ուսուցչի ընտանիքում։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է դեռ ինը տարեկանում։
Ունենալով ակադեմիական երաժշտական կրություն և բազմաթիվ լուրջ ստեղծագործություններ՝ Առնո Բաբաջանյանը հիշվել է խորհրդային ժամանակների երգերի իսկապես հայտնի մեղեդիներով։
Նա աշխատել է այնպիսի հայտնի պոետների հետ, ինչպիսիք են Ռեգիստանը, Ռոժդեստվենսկին, Եվտուշենկոն, Ոզնեսենսկին, Դեմենտևը, Դոբրոնրավովը։
Կոմպոզիտորին հաջողություն և ճանաչում բերեցին Եվտուշենկոյի խոսքերի հիման վրա գրված երգերը («Մի շտապիր» 1963, «Սատանայի անիվ» 1968, «Քո հետքերը» 1975), Ոզնեսենսկու՝ («Սիրո տարի» 1974, «Մոսկվա-գետ» 1974, «Վերադարձրու ինձ երաժշտությունը» 1975, «Փարիզյան ձյուն» 1975), Դերբենևի՝ («Երկրագնդի լավագույն քաղաքը» 1964), Խարիտոնովի՝ («Հեռավոր ճանապարհ» 1975, «Անուններ» 1975)։
Քիչ չէ աշխատել կոմպոզիտորը նաև էստրադային երաժշտության, գործիքային ջազի, երաժշտաթատերական ժանրի բնագավառում։ Նա գրել է «Բաղդասար քեռի», «Հարսնացուն հյուսիսից», «Իմ սիրտը լեռներում է» մյուզիքլները։-0-