Վրաց-ռուսական հակամարտությունը բացասաբար է անդրադարձել Վրաստանի հայկական համայնքի վրա. հայ պատգամավոր
Վրաց-ռուսական դիմակայությունը բացասաբար է անդրադարձել Վրաստանի հայկական համայնքի վրա, հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության համանուն խորհրդարանական խմբակցության անդամ, «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահ Հայկ Սանոսյանը։
«Գաղտնիք չէ, որ Վրաստանի հայաբնակ Ջավախքի հայերի մեծամասնության եկամտի հիմնական աղբյուրը Ռուսաստանում արտագնա աշխատանքն է։ Հակամարտության պատճառով Վրաստանում բնակվող և այնտեղի քաղաքացիություն ունեցող հայերի մոտ խնդիրներ են առաջացել Ռուսաստան մեկնելու կապակցությամբ»,- ասաց Սանոսյանը։
Նա ընդգծեց, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառով Վրաստանի հայկական համայնքի ներկայացուցիչները զրկվել են ՌԴ-ում աշխատելու հնարավորությունից։
Ըստ Սանոսյանի, անհրաժեշտ է օրենսդրորեն լուծել այդ խնդիրը։ Խնդրի հնարավոր լուծումներից մեկը պատգամավորն անվանեց Վրաստանի հայերին երկքաղաքացիության տրամադրումը։
Վրաստանի, Հայաստանի և Թուրքիայի սահմանագծին գտնվող Ջավախքը բացարձակապես հայաբնակ տարածաշրջան է (տարբեր գնահատականներով՝ 91-ից 97 տոկոս)։ Սամցխե-Ջավախեթի միացյալ երկրամասի բնակչության թիվը կազմում է 238 հազար մարդ։ -0-