Երևանում հոկտեմբերի 3-ին մեկնարկում է «Հայաստանի արգելոցներ և ազգային պարկեր» բնապահպանական ակցիան

02.10.2008, 16:44
Երևանում հոկտեմբերի 3-ին մեկնարկում է «Հայաստանի արգելոցներ և ազգային պարկեր» բնապահպանական ակցիան
Երևանում հոկտեմբերի 3-ին մեկնարկում է «Հայաստանի արգելոցներ և ազգային պարկեր» բնապահպանական ակցիան

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը Արմենիա Մարիոթ հյուրանոցի հետ համատեղ այս տարի ևս, ավանդույթի համաձայն, հոկտեմբերի 3-ից սկսում են բնապահպանական ակցիա-քարոզի իրականացումը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հիմնադրամի մասնաճյուղից:

Հաղորդագրության համաձայն, այս տարի ակցիան, որը մեկ ամիս կտևի, նվիրված է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) պահպանմանը։

Ակցիայի շրջանակներում կկազմակերպվեն բնապահպանական թեմայով ֆիլմերի դիտում, ցուցահանդես-վաճառքներ, իսկ հյուրանոցի այցելուները կկարողանան հյուրանոցում յուրաքանչյուր անցկացրած օրվա համար կամավոր նվիրատվություն կատարել:

Հաղորդագրությունում ասվում է, որ նվիրատվության ողջ հասույթը օգտագործվելու է Հայաստանի պահպանվող տարածքների առկա կարիքները որոշ չափով հոգալու նպատակով:

Բացի այդ, WWF հայաստանյան գրասենյակը նպատակ ունի նաև հանդես գալ «Այն ինչ լավ է մեր մոլորակի համար, լավ է նաև բիզնեսի համար» հատուկ կոչով` ուղղված մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը:

Դրանով իսկ WWF հայաստանյան մասնաճյուղը հանդես է գալիս միջնորդի դերում բիզնեսի և քաղաքացիական հասարակության միջև` միավորելու նրանց ջանքերը կենսաբանական բազմազանության պահպանության գործում:

Ակցիայի շրջանակներում տեղի կունենա ԲՀՊՏ-ների և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված տեսահոլովակի շնորհանդեսը, որից հետո այն ողջ քարոզարշավի ընթացքում եթերում կցուցադրվի հիմնական հեռուստաալիքներով:

Հայաստանում WWF գրասենյակը հիմնադրվել է 2001 թ.-ին։ Հիմնադրամի և Արմենիա Մարիոթ հյուրանոցի վերջին համատեղ ակցիան եղել է անցած տարի, երբ Հայաստանում կովկասյան ընձառյուծի պահպանման համար միջոցների հավաքման միամսյակ անցկացվեց։ --0--