«Հայաստան` երկիր դրախտավայր» խորագրով ցուցահանդես է բացվել Սուրբ Էջմիածնում
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ «Հայաստան` երկիր դրախտավայր» խորագրով տեղի ունեցավ ուխտավոր լուսանկարիչ Տաթևիկ Մելքոնյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը։
Ւնչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Սուրբ Էջմիածնի տեղեկատվականա համակարգից, ցուցահանդեսում ներառված են Հայաստանի Հանրապետության, Արցախի և Արևմտյան Հայաստանի եկեղեցիներն ու սրբավայրերը պատկերող շուրջ 100 լուսանկարներ:
Միջոցառումը սկսվեց միասնական «Հայր մեր»-ով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: Տեր Հայրը ներկաներին փոխանցեց Նորին Սրբության օրհնությունն ու բարեմաղթանքը, շնորհավորեց լուսանկարիչ Տաթևիկ Մելքոնյանին առաջին անհատական ցուցահանդեսի բացման առիթով և անդրադարձավ եկեղեցիների և մեր սրբությունների ճանաչողության և պահպանման նշանակությանը յուրաքանչյուր հայորդու կյանքում:
Տեր Ասողիկը շեշտեց, որ ոչ արհեստավարժ լուսանկարիչ Տաթևիկ Մելքոնյանն իբրև ուխտավոր այցելել է եկեղեցական բազում սրբավայրեր և իր հոգու աչքերով տեսածի արդյունքն ենք վայելում այս բազում լուսանկարների միջոցով:
Այնուհետև ներկաներին դիմեց Մայր Աթոռի մշակութային բաժնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը, ով հորդորեց ներկաներին անպայման այցելել մեր սրբավայրերը և հաղորդ դառնալ մեր նախնիների թողած հարուստ մշակութային ժառանգությանը:
Նույն հորդորն ուղղեց ներկաներին նաև Մայր Աթոռի «Խրիմյան» թանգարանի պատասխանատու, արվեստաբան Շահեն Խաչատրյանը: Վերջում իր երախտագիտության և շնորհակալական խոսքն ասաց ցուցահանդեսի հեղինակը:
Գեղարվեստական կատարումներով հանդես եկավ «Լույս» վոկալ կվինտետը:
Ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 29-ը: -0-