Երևանի կենդանաբանական այգին կհամալրվի ևս չորս փղով

19.09.2008, 14:18
Երևանի կենդանաբանական այգին կհամալրվի ևս չորս փղով

Երևանի պետական կենդանաբանական այգին կհամալրվի չորս էգ փղերով, հայտնեց այգու իրավաբան Կարեն Աղաջանյանը։

Օգոստոսի վերջին Քենդի փղի (նախկինում՝  Մաշա) մահից հետո Երևանի կենդանաբանական այգում բնակվող Հրանտիկ փիղն առանց կնոջ մնաց։

«Ներկայում մենք մի շարք ասիական երկրներից էգ փղեր բերելու շուրջ բանակցություններ ենք վարում»,- ուրբաթ հայտնեց Աղաջանյանը լրագրողներին՝ չնշելով կոնկրետ երկրներ։

Ըստ նրա, փղերի ժամանումն ու բնակությունը կենդանաբանական այգու տարածքում ֆինանսավորելու է հայկական «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը։

Իր հերթին այգու տնօրեն Սահակ Աբովյանը հավելեց, որ այգու տարածքում վերանորոգման աշխատանքներ են տարվում, իսկ փղերի ընտանիքի համար նախատեսված նոր վանդակները պատրաստ կլինեն 2009 թվականին։

«Վերանորոգումը կավարտվի ընթացիկ տարվա հոկտեմբերին, իսկ հաջորդ տարի մենք կսկսենք նաև կատուների ընտանիքների վանդակների շինարարությունը»,- ասաց նա։ Տնօրենն ավելացրեց, որ բարեփոխման ծրագրի շրջանակներում նախատեսված է գետաձիերի համար լողավազանի նորոգումը։

Յուրաքանչյուր տարի կենդանաբանական այգու կարիքների (կենդանիների կերի ծախսեր, անասնաբուժական հսկողություն և այլ նպատակներ) համար ՀՀ պետբյուջեից հատկացվում է շուրջ 200 միլիոն դրամ (մոտ 670 հազար ԱՄՆ դոլար), իսկ այգու բարեկարգման եռամյա ծրագրի իրագործման համար նախատեսված է 2 միլիոն ԱՄՆ դոլար։

Երևանի պետական կենդանաբանական այգին հիմնադրվել է 1941թ., 2007թ. տարեվերջյան տվյալներով, այնտեղ բնակվում է կենդանիների ու թռչունների 2 հազար 338 տեսակ։ -0-