Անվտանգ երթևեկության տասնօրյակը Հայաստանում կմեկնարկի սեպտեմբերի 1-ին

29.08.2008, 14:03
Անվտանգ երթևեկության տասնօրյակը Հայաստանում կմեկնարկի սեպտեմբերի 1-ին
Անվտանգ երթևեկության տասնօրյակը Հայաստանում կմեկնարկի սեպտեմբերի 1-ին

Ուսումնական տարվա սկզբի կապակցությամբ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը սեպտեմբերի 1-10-ը անվտանգ երթևեկության տասնօրյակ է հայտարարել, հայտնեց Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։

«ՀՀ ճանապարհային ոստիկանությունը խնդրում է վարորդներին և հետիոտներին սեպտեմբերի առաջին տասնօրյակում զգոնություն ցուցաբերել»,- ուրբաթ Օհանյանն ասաց լրագրողներին։  
 
Նա նշեց, որ Ոստիկանության պետի հրամանագրի համաձայն, սեպտեմբերի 1-10-ը Ճանապարհային ոստիկանությունը կանցնի խստացված ծառայության երկրի ճանապարհներին չընդհատվող և անվտանգ երթևեկություն ապահովելու համար։   

Այս առնչությամբ Օհանյանը դիմել է բոլոր վարորդներին՝ խնդրելով երթևեկել մոտ տեսանելիության լուսարձակները միացված վիճակում անկախ օրվա ժամից, հատկապես սեպտեմբերի 1-ի առավոտյան 7։30-ից մինչև սեպտեմբերի 10 ներառյալ։

«Նման քայլը թույլ կտա փոխադրամիջոցների երթևեկությունն ավելի նկատելի դարձնել դպրոցականների համար»,- ասաց Օհանյանը։

Նա ընդգծեց, որ այս մեթոդը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ, այն ժամանակ, երբ շատ երկրներում այն գործում է օրենսդրության մակարդակով ինչպես վարորդի, այնպես էլ հետիոտնի զգոնությունը բարձրացնելու նպատակով։   

Ճանապարհային ոստիկանության պետը նաև շնորհավորեց երկրի բոլոր առաջին դասարանցիներին, դպրոցականներին, նրանց ծնողներին, ուսանողներին, ինչպես նաև դասավանդողներին ուսումնական տարվա սկզբի կապակցությամբ։ Նա դիմեց ծնողներին՝ խնդրելով բացատրել երեխաներին, հատկապես տարրական դասարանների աշակերտներին, ճանապարհային երթևեկության տարրական կանոնները, մասնավորապես, լուսանշանի աշխատանքն ու լույսերի նշանակությունը, ինչը թույլ կտա խուսափել ճանապարհատրանսպորտային պատահարներից, հատկապես երեխաների մասնակցությամբ։

Համաձայն Օհանյանի բերած վիճակագրական տվյալների, անցյալ տարի սեպտեմբերի 1-10-ը գրանցվել է 67 ՃՏՊ (2006-ի նույն ժամանակահատվածի 47-ի համեմատ), որոնց արդյունքում զոհվել է 15 և տուժել 87 մարդ։ Մասնավորպես, մինչև 16 տարեկան երեխաների մասնակցությամբ 9 պատահար է գրանցվել, որոնց արդյունքում երկու երեխա մահացել է, 7-ը՝ տուժել։

«Սակայն տվյալ դեպքերից ոչ մեկը չի գրանցվել որևէ դպրոցի կամ բուհի մոտակայքում, բոլոր պատահարները տեղի են ունեցել կրթական հաստատություններից հեռու»,- ասաց Օհանյանը։ --0--