Թուրքիայի նախագահի հնարավոր այցը Երևան նոր մեկնարկ կնշանավորի հայ-թուրքական հարաբերություններում. Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ եթե իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլը դրական արձագանքի Երևան այցելելու առաջարկին, ապա դա նոր մեկնարկ կնշանավորի հայ-թուրքական հարաբերություններում։
Անցյալ շաբաթ Սարգսյանը պաշտոնական հրավեր է ուղարկել Գյուլին՝ այցելել Երևան և մասնակցել Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլային հավաքականների խաղին, որը տեղի կունենա Երևանի Հրազդան մարզադաշտում սեպտեմբերի 6-ին՝ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերի շրջանակներում։
«Ես նախագահ Գյուլին հրավիրել եմ այցելել Հայաստան և վայելել խաղը մարզադաշտում։ Այդպիսով, մենք կարող ենք նոր խորհրդանշական մեկնարկ ազդարարել մեր հարաբերություններում»,- ասել է երկրի ղեկավարը Wall Street Journal-ին տված հարցազրույցում։
ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ հայ և թուրք ժողովուրդները կսատարեն և հավանություն կտան իր հրավերին։ Սարգսյանի խոքերով, չնայած տարաձայնություններին ու փակ սահմանին՝ գոյություն ունեն մշակութային, մարդասիրական և սպորտային հետաքրքրություններ, որոնք միավորում են Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդներին։
«Դա ինձ թույլ է տալիս հուսալ, որ Հայաստանի և Թուրքիայի հասարակ մարդիկ հավանության կարժանացնեն այդ ժեստը»,- ասաց նախագահը։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ՝ Թուրքիայի կողմից առաջ քաշվող նախապայմանների պատճառով։ Անկարայի նախաձեռնությամբ, 1993թ.-ից փակ է հայ-թուրքական սահմանը, ինչի հետևանքով Հայաստանի տնտեսությանը տարեկան 500 մլն դոլարի վնաս է հասցվում։--0--