ՀՀ մշակույթի նախարարությունն ընթերցանության տարածման ազգային ծրագիր է մշակում

08.07.2008, 14:29
ՀՀ մշակույթի նախարարությունն ընթերցանության տարածման ազգային ծրագիր է մշակում

ՀՀ մշակույթի նախարարությունը կրթական հաստատություններում ընթերցանության տարածման ազգային ծրագիր է մշակում, ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

«Ծրագիրը կընդգրկի երեխաների կրթության տարբեր շրջաններ՝ սկսած մանկապարտեզներից և դպրոցներից և վերջացրած բուհերով», - ասաց Պողոսյանը։

Նրա կարծիքով, այդ ծրագիրը պետք է կիրառվի կրթական հաստատություններում՝ քաղաքացիական դաստիարակությանը զուգահեռ։

Նախարարն ավելացրեց, որ ծրագրի մշակմանը մասնակցում է նաև Կրթության և գիտության նախարարությունը, ինչպես նաև Հայաստանի գրողների միությունը։

«Ծրագրի նախապատրաստական փուլը կներդրվի կրթական համակարգ 2009 թ.-ին։ Դպրոցական ծրագրին համապատասխան՝ կմշակվեն և կհրատարակվեն հատուկ գրքեր», - ավելացրեց նա։

Այս առնչությամբ նախարարն ընդգծեց կրթական ծրագրերի մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը։ «Կրթական գործընթացը սխալ ուղիով է ընթանում, աշակերտներին հետաքրքիր չէ, նրանք չեն հասցնում ամեն ինչ ընկալել», - եզրափակեց Պողոսյանը։

Ընթերցանության տարածման ազգային ծրագիրը կներդրվի 2010 թ.-ին։

Հայաստանում գործում են շուրջ 1,5 հազ. հանրակրթական դպրոցներ, որտեղ կրթություն է ստանում շուրջ 480 հազ. երեխա։-0-