Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մինչև տարեվերջ անհնար է. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Մինչև 2008 թ. վերջ ղարաբաղյան հակամարտության կարգավորում չի լինի, կարծում է հայ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
«Ղարաբաղյան հակամարտության մեջ երեք կողմ կա, և վերջնական որոշման դեպքում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների և ժողովրդի համաձայնությունը պարտադիր է», - երկուշաբթի լրագրողներին ասել է Շաքարյանցը։
Նրա խոսքերով, նման համաձայնություն լինել չի կարող, քանի որ Ադրբեջանն այսօր պատրաստ չէ զիջումների գնալ, մասնավորապես, Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվեի հարցում։
«Այսօր խնդրի արագ և արդյունավետ կարգավորման սպասելն անիմաստ է», - նշել է Շաքարյանցը։
Փորձագետը նաև տարակուսանք է հայտնել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կապակցությամբ։
Մասնավորապես, նրա խոսքերով, ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, հայտարարելով շուտափույթ կարգավորման մասին, ցանկալին իրողության տեղն է ընդունում։
«Տարակուսանք է առաջացնում նաև ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի՝ Բաքվում զինվորական շքերթի մասնակցելը, որտեղ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել հերթական ռազմատենչ հայտարարություններով»,- նշել է Շաքարյանցը։
Հունիսի 26-ին՝ Բաքվում, Զինված ուժերի 90-ամյակի օրը, Ադրբեջանը բացեիբաց ցուցադրել է իր ռազմական հզորությունը։ Շքերթին ցուցադրվել է 210 միավոր արդիականացված ռազմական տեխնիկա, 19 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 31 նավ և մոտորանավ։
Փորձագետի խոսքերով, ֆրանսիացի համանախագահը ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ հայտարարությունները, ինչը տարօրինակ է՝ անաչառ միջնորդի համար։
Շաքարյանցը կարծում է, որ ստեղծված իրավիճակում հայկական կողմը պետք է կոշտ դիրք զբաղեցնի և «շատ բան պահանջի՝ գոնե կեսը ստանալու համար, այսինքն այն, որ մենք զիջելու իրավունք չունենք»։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-