ՀՀ նախագահի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ փոփոխության չեն ենթարկվել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտնի են, փոփոխության չեն ենթարկվել և տարբեր առիթներով հնչեցվել են, հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը։
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, իր հայտարարության մեջ Ֆարմանյանը նշել է, որ նախագահը այդ խնդրի վերաբերյալ խոսել է նաև Մոսկվայում` հունիսի 23-ին հայ համայնքի ներկայացուցիչների և ավելի ընդարձակ` հունիսի 24-ին ռուսական փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ:
Նրա խոսքերով, երկու ելույթներում հնչեցված մոտեցումները հստակ են և տարըմբռնման տեղիք չեն թողնում։
«Թուրքիայի կողմից հնչեցվել է առաջարկ՝ Ցեղասպանությանը վերաբերող պատմական փաստերն ուսումնասիրելու նպատակով փորձագետներից կազմված հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ: Մենք դեմ չենք որևէ ուսումնասիրության, անգամ ակնհայտ փաստերի և լայնորեն ընդունված իրողությունների: Սակայն նման հանձնաժողովի ստեղծումը տրամաբանական կլիներ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և սահմանները բացելուց հետո միայն։ Այլապես այն կարող է դառնալ առկա խնդիրները տարիներով երկարաձգելու և շահարկելու միջոց», - Ֆարմանյանը մեջբերել է նախագահի՝ Մոսկվայում հնչեցրած խոսքերը։
Ֆարմանյանը նշել է, որ 21-րդ դարում հարևան պետությունների միջև չպետք է լինեն փակ սահմաններ, իսկ տարածաշրջանային համագործակցությունը կարող է լինել կայունության հաստատման լավագույն միջոցը:
«Տարօրինակն այն է, որ Ցեղասպանության խնդիրը փորձում են շահարկել մարդիկ, ովքեր ժամանակին արել են հնարավորը՝ մեր ժողովրդի պատմության ողբերգական այդ էջը մոռացության մատնելու համար: Առանց խտրականության, յուրաքանչյուր հարցում հատվածական քաղաքական շահաբաժին ստանալու գործելաոճն անընդունելի է», - ասել է Ֆարմանյանը։ -0-