Երևանում անցկացվող կիբերհարձակումների դեմ պայքարի համաժողովը թույլ կտա միջազգային համագործակցություն հաստատել. ԱԳՆ

24.06.2008, 13:59
Երևանում անցկացվող կիբերհարձակումների դեմ պայքարի համաժողովը թույլ կտա միջազգային համագործակցություն հաստատել. ԱԳՆ
Երևանում անցկացվող կիբերհարձակումների դեմ պայքարի համաժողովը թույլ կտա միջազգային համագործակցություն հաստատել. ԱԳՆ

Երեքշաբթի Երևանում բացված «Կիբեր տարածքում հարձակումների կանխարգելման և դիմակայման» խորագրով միջազգային համաժողովը կարող է հիմք դառնալ՝ այդ բնագավառում միջազգային համագործակցություն հաստատելու համար, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը։

«Կիբերահաբեկչության դեմ արդյունավետ պայքարն անհնար է՝ առանց միջազգային հանրության գիտական ներուժի։ Այս տեսակետից մենք դիտարկում ենք այդ բնագավառում համագործկացությունը՝ որպես գիտական համագործակցություն», - ասաց նա միջոցառման բացման ժամանակ։

Ղարիբջանյանը նշեց, որ այսօրվա դրությամբ կիբերահաբեկչության դեմ պայքարը մեծ նշանակություն ունի՝ ողջ աշխարհի բնակչության անվտանգության համար, որը ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ զուգահեռ ավելի կախված է դառնում գլոբալ ցանցից։

Նա նաև ընդգծեց, որ կիբերահաբեկչությունը չափազանց վտանգավոր է նաև այն պատճառով, որ այն «ավելի քիչ ծախսատար է, ավելի «անդեմ»» և ավելի բազմազան նպատակներ ունի։

Հայաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանն իր հերթին ասաց լրագրողներին, որ համաժողովին մասնակցում են ավելի քան 80 ներկայացուցիչներ՝ ՆԱՏՕ-ի անդամ 18 երկրներից, «Միջերկրական երկխոսություն» և «Ստամբուլյան նախաձեռնություն» ծրագրերի մասնակիցներ։

Նրա խոսքերով, նման համաժողովները կիբերահաբեկչության դեմ պայքարի բնագավառում մասնագետների միջև փորձի փոխանակման հնարավորություն են տալիս։

«Այսօրվա դրությամբ Հայաստանում շատ հազվադեպ են կիբերհարձակումների դեպքերը, սակայն դրանց ի հայտ գալու վտանգը անընդհատ աճում է, քանի որ ցանցի մատչելիության պայմաններում յուրաքանչյուրը կարող է ունենալ նման հնարավորություն», - ասաց Մկրտչյանը։

«Կիբեր տարածքում հարձակումների կանխարգելման և դիմակայման» խորագրով երկօրյա միջազգային համաժողովն անցկացվում է երկուշաբթի Հայաստանում մեկնարկած «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում։ Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ ՆԱՏՕ/Եվրատլանտյան գործընկերության խորհրդի հետ համատեղ։-0-